Կեանքէն հեռացած է բեմադրիչ, սենարիստ Ալպերթ Մկրտչեանը: Այդ մասին, ըստ «Armenpress.am»-ի, տեղեկացուցած են Մհեր Մկրտչեան արտիստական թատրոնէն:
Ալպերթ Մկրտչեան մահացած է Փետրուար 28-ի առաւօտեան, երկար հիւանդութենէ ետք: Փետրուար 27-ին լրացած էր բեմադրիչի 81-ամեակը:
Ալպերթ Մուշեղ Մկրտչեան ծնած է 1937 Փետրուար 27-ին, Գիւմրի: Յայտնի ու սիրուած դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանի փոքր եղբայրն է: 1960-ին աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական ուսումնարանի դերասանական բաժինը, իսկ 1971-ին` Մոսկուայի Կինեմաթոկրաֆիայի ուսումնարանի բեմադրիչի բաժանմունքը` Եֆիմ Ձիկանի արուեստանոցը (ՎԳԻԿ): 1960–1966 թուականներուն եղած է հայկական հեռուստասդուտիայի, 1971 թուականէն` Հայֆիլմ արուեստանոցի բեմադրիչ, 19951999 թուականներուն` Կիւմրիի դրամատիկական, 2000 թուականէն` Երեւանի Մհեր Մկրտչեանի անուան արտիստական թատրոններու տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար: 1980–2001 թուականներուն դասաւանդած է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանին մէջ (փրոֆէսոր` 1995 թուականէն), 2001 թուականէն` Թատրոնի եւ շարժանկարի պետական ուսումնարանին մէջ: