ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:
Համերգին ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծայրագույն Վարդապետ Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր մաղթանքները փոխանցեց ներկաներին:
Համերգից հետո ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով, շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ՝ անդրադարձավ անցած տարիների ձեռքբերումներին և խոսեց Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության մասին: