Գյումրիում Ասլամազյան քույրերի պատկերասրահը համալրվեց նոր աշխատանքով

   Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում սեպտեմբերի 9-ին «Մեկ նկարի ցուցադրություն» ձևաչափով իրականացվող ցուցահանդեսների շարքի շրջանակում տեղի ունեցավ հայտնի քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի որդու՝ Դավիթ Նիկողոսյանի կողմից Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին նվիրատված Մարիամ Ասլամազյանի կողմից վրձնած Դավիթ Նիկողոսյանի դիմանկարի ցուցադրություն-շնորհանդեսը:
     2017 թվականն առանձնահատուկ է Ասլամազյան պատկերասրահի համար, քանի որ նշվում է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի հիմնադրման 30 և Մարիամ Ասլամազյանի ծննդյան 110-ամյակը և ամբողջ տարվա ընթացքում պատկերասրահը ունեցել և ունենալու է տարբեր նախագծեր ու ցուցահանդեսներ: 
     «Այս շնորհանդեսն աննախադեպ է, քանզի պատկերասրահի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ մենք կարողացանք Ասլամազյանների նոր ստեղծագործությունով համալրել պատկերասրահը: Թանգարանի կարևոր գործառույթներից է ֆոնդային նմուշների հետազոտական և հավաքական աշխատանքները և արդեն երկու տարի է մենք կարողացել ենք համալրել նաև Ասլամազյանների կյանքին, ստեղծագործությունների վերաբերող բազմաթիվ գիտաօժանդակ նյութեր»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Վահագ Ղուկասյանը:
     Դավիթ Նիկողոսյանի դիմանկարը նկարել է Մարիամ Ասլամազյանը 1968 թվականին Մոսկվայում:

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *