Սպասվող լրահոս. 13.10.2017

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 13-ին, կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը: Այն անցկացվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկա գտնվել զորավարժության ակտիվ՝ կրակային փուլին:

Մսի, կարագի և այլ ապրանքների շուկայում թանկացումները շարունակում են մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում: Հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վիգեն Խաչատրյանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կներկայացնի կոմիտեի ծրագրերը:

Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը»: Համաժողովին կմասնակցեն 38 օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին: Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը:

Այսօր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ,  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ  Գրողների միությունում այսօր կանցկացվի երիտասարդ ստեղծագործողներին Լեւոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողություն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի ելույթը։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կխոսեն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցային շրջանակների և Հայաստանում իրականացվող ապագա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *