Երևանից և Հայաստանի տարբեր շրջաններից 120 երեխաներ արհեստներ են սովորել ու անցել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ: Ծրագրում ներառվել են Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Դիլիջանի, Աշտարակի, Էջմիածնի, սահմանամերձ գյուղերից՝ Խաչիկի, Չիվայի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Նրանց հետ մասնագիտական դասընթացներ իրականացնելու համար ընտրվել են հմուտ մասնագետներ: Շահառու երեխաներին հնարավորություն էր տրվել սովորելու իրենց նախընտրած արհեստը: Նրանք ընտրել են առավել պահանջված մասնագիտություններ, ինչպիսիք են՝ վարսահարդար, ավտոմեխանիկ, հրուշակագործ, տոնական սեղանների դիզայներ, ֆլորիստ, հացթուխ, քարտաշ, գորգագործ, խեցեգործ, հագուստի դիզայն, կար ու ձև և այլն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագիտական ուսուցման ավարտից հետո բոլոր մասնակիցները կազմել են բիզնես պլան, և մրցույթային կարգով ընտրվել են լավագույն 20 շահառուները, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այդ փոքրիկ դրամաշնորհով նրանք կկարողանան ձեռք բերել իրենց համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ և նյութեր, ինչը մեծ խթան կլինի նրանց աշխատանքային առաջին քայլերի համար:
Ծրագիրն իրականացրել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից տրամադրված «Youth Opportunities Programme» կրթական ծրագրի դրամաշնորհի շրջանակներում: