Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին

     Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

     Հեռագրում ասված է.

     «Խոր ցավով ընդունեցի Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի մահվան բոթը:

     Որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում ուներ եւ մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:

     Լինելով իսկական  հայրենասեր եւ դեմոկրատ՝ նա ակտիվորեն պաշտպանում էր մեր ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:

     Նա նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:

     Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի ծառայություններն արժանիորեն են գնահատվել մեր ժողովրդի կողմից: Նա պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւով՝ «Մխիթար Գոշ» մեդալով:

     Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Նույկինի հարազատներին ու մերձավորներին՝ բոլորիս համար այս ծանր կորստի կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *