Արոնյանի հաջորդ մրցակիցը Իվանչուկն է

     Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնի է Արոնյանի քառորդ եզրափակչի մրցակիցը: Հայ գրոսմայստերը կխաղա Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկի հետ:

     Դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 15-ին:

     Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:

     Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Բացի եզրափակչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:

     Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

     Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *