Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն այս տարի էլ չի նորոգվի

     Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի նորոգումն այս տարի էլ չի իրականացվի: Մարզադպրոցը, որի հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերում է եղել դեռևս 2013 թվականից, մինչ այժմ չի վերանորոգվել: 
     2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ: 
     Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ փաստելով, որ հայտարարվել է մրցույթ և ընտրվել է նաև կապալառու կազմակերպությունը: «Մայիսի 16-ին սկսվել են նախագծման աշխատանքները և, համաձայն պայմանագրի, ավարտվելու են սեպտեմբերի 16-ին: Այսինքն՝ այս ամսվա վերջին քաղաքաշինության պետական կոմիտեն կունենա մարզադպրոցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ինչ մնում է շինարարական աշխատանքները սկսելուն, ապա ենթադրվում է, որ քաղաքաշինական պետական կոմիտեի կողմից անպայման կընդգրկվի 2018 թվականի պետական բյուջեի նախագծում: Այս խնդիրը պարզ կդառնա 1-2 ամսից»,- նշեց Ալբերտ Մարգարյանը: 
     Այս մարզադպրոցում է մարզվում աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Մարզադպրոցը զուրկ է ոչ միայն հանդերձարաններից, այլև տարրական բոլոր պայմաններից, անմխիթար վիճակում է: 
Մարզադպրոցը օլիմպիական չեմպիոնի անունով է անվանակոչվել 2015-ի հունիսին:

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *