«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 55 – Ինչպէ՞ս Է COVID-19-Ը Ազդում Մարդու Օրկանիզմի Վրայ․ Արդեօ՞ք Այն Սպառնում Է ՀՀ Ազգային Անվտանգութեանը

Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած ու ամբողջ աշխարհում արդէն 6 ամիս է տարածուած նոր տեսակի քորոնավիրուսը՝ COVID-19, իսկական պատուհաս է դարձել երկրների համար։ Յատկապէս թոյլ առողջապահական ու կառավարման համակարգ ունեցող երկրների դէպքում վտանգն իրապէս զգալի է։ Աշխարհում մի քանի երկիր կայ, որոնք համավարակի դէմ կարողացան ուժգին պայքար տանել ու յաղթահարել այն։ Հայաստանն, իհարկէ, այդ երկրների թւում չէ։

Մի կողմ թողնելով վիրուսի դէմ պայքարի կառավարման հարցում կատարուած բացթողումները, կը ցանկնայինք խօսել մարդկանց վրայ հենց COVID-19  վիրուսի ազդեցութեան մասին։ Վիրուսի մասին յայտարարելուց ի վեր տարբեր վերլուծութիւններ են հրապարակւում այն մասին, թէ ի՞նչ կողմնակի ազդեցութիւն ունի վարակը մարդու առողջութեան վրայ։ Բացի այն, որ վարակը ախտահարում է թոքային համակարգը, ազդում է շնչառական համակարգի վրայ, բացառուած չէ, որ այն տարիներ յետոյ վարակուած մարդու վրայ կարող է այլ ազդեցութիւններ եւս ունենալ։

Հայաստանում օրական գրանցւում է 500, 600, 700 եւ աւել հաստատուած դէպքեր։ Օրական կատարւում է մօտ 2000 թեստաւորում։ Ըստ պաշտօնական վիճակագրութեան՝ ամեն օր կորոնավիրուսից ՀՀ-ում մահանում է 5, 7, 10, 15 մարդ, որոնք բոլորն ունեն քրոնիկ այլ հիւանդութիւններ։ Մէկ բառով ասած՝ ՀՀ իշխանութիւնները, առողջապահական համակարգը ձախողել է կորոնավիրուսի դէմ պայքարը ու այսօրուայ ձախողումը շատ ծանր կարող է անդրադառնալ վաղուայ ապագայի վրայ, Հայաստանի ազգային անվտանգութեան վրայ։ Յոռետեսական տրամադրութiւններ չտարածելով հանդերձ, չպէտք է անտեսել այն հանգամանքը, որ մենք պատերազմող երկիր ենք ու մեր բանակի ցանկացած ապագայ զինուոր պէտք է լինի բացարձակ առողջ ու մարտունակ։

«Զարթօնք» օրաթերթի հետ զրոյցում բժիշկ-համաճարակաբան, Ռուբէն Յովհաննիսեանը նշեց, որ այս նոր տեսակի կորոնավիրուսին աշխարհը ծանօթ է ընդամէնը մի քանի ամիս եւ դրա կողմնակի ազդեցութիւնների մասին յստակ խօսելու համար խորը վերլուծութիւններ ու ուսումնասիրութիւններ չեն կատարուել։

«Ես թերեւս ընդհանուր դատողութիւններ կարող եմ անել։ Ինչ վերաբերւում է քլինիքական կողմին, կապուած հիւանդութեան ծանրութիւնից, բարդութիւնից, կարող է որոշակի մնացորդային երեւոյթներ առաջանալ։ Թոքերում կարող է ախտաբանական վիճակներ լինել, սպիացումներ եւ այլն։ Տարբեր անհատների մօտ տարբեր կերպ կարող է արտայայտուել։ Ուզում եմ բոլորս մէկ բան պատկերացնենք, որ սա այլմոլորակային ծագում ունեցող վիրուս չէ, որը առանձնայատուկ մի բան պէտք է առաջացնի։ Նմանատիպ վարակների ժամանակ ի՞նչ է տեղի ունենում։ Իմունային համակարգը որոշակի արձագանք է դրսեւորում, օրկանիզմը իմունային յիշողութիւն է ձեռք բերում տուեալ վարակի նկատմամբ։ Պարզապէս այդ յիշողութիւնը պահպանւում է ու տարբեր վարակների ժամանակ տարբեր ժամանակահատուածով ու ձեւերով։ Հիմա  այս կորոնավիրուսային համավարակի հետ կապուած մենք ստոյգ տեղեկութիւններ չունենք, թէ ինչքա՞ն ժամանակ է աշխոյժ իմունիտետը պահպանւում։ Սրանք հարցեր են, որոնք դեռ ուսումնասիրւում են։ Պէտք է որոշ ժամանակ անցնի, որ կարողանանք յստակ պատասխանել։ Հարցեր կան, որոնք բաց են դեռ։ Մենք ընդամէնը 6 ամսուայ պատմութիւն ունենք վիրուսի հետ կապուած։ Մենք դիտարկման բաւականաչափ ժամանակ էլ չունենք, որ կարողանանք նման վերլուծութիւններ անել։ Ժամանակ է պէտք դրա համար։ Յատկապէս երիտասարդների  վրայ ունեցած ազդեցութեան մասով պէտք է տարիներ անցնեն, համապատասխան հետազօտութիւններ արուեն, որպէսզի հասկանանք՝ ինչ ազդեցութիւն է ունեցել COVID-19-ը երիտասարդների վրայ»,- մանրամասն ներկայացրեց համաճարակաբանը։

Բժշկական գիտութիւնների դոկտոր, 2000-2003 թուականներին ՀՀ Առողջապահութեան նախարար Արարատ Մկրտչեանը մեզ հետ զրոյցում եւս շեշտեց, որ COVID-19 վարակի մասին բժշկական ու գիտական միտքը շատ բան դեռ չգիտէ, քանի որ վիրուսն ընդամէնը վեց ամսուայ պատմութիւն ունի։ «Նեղ մասնագիտական յօդուածներ հրապարակւում են օրկան համակարգերի վրայ դրա ազդեցութեան մասին, բայց դրանք շատ քիչ են ու հաւաստիութեան մասին դեռ վաղ է խօսել։ Դրա համար վիրուսի բարդութիւնները այս պահին միայն թոքային համակարգի վրայ թողած ազդեցութիւնն է՝ թոքաբորբի տեսքով։ Իսկ ամբողջ աշխարհում տարեկան միլիոնաւոր մարդիկ թոքաբորբով հիւանդանում են՝ անկախ կորոնավիրուսից։ Ու բոլոր վարակներն իրենց հետքը թողնում են շնչառական համակարգի վրայ։  Սա նոր բան չէ։ Իսկ մարդու օրկանիզմի այլ համակարգերի վրայ դրա ազդեցութեան մասին իմ իմացութեան սահմաններում շատ քիչ բան կայ»,- ներկայացրեց բժիշկը։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *