Հնարաւոր է այս երգի վերնագիրը ձեզ ոչինչ չասի, բայց նախանուագի առաջին իսկ հնչիւնից կհասկանաք, որ երգը անչափ ծանօթ է եւ ծանօթ է այն «Ընկերները» հեռուստաշարից։
Երգը գրուել է յատուկ հեռուստաշարի համար եւ ստեղծման ողջ պատմութիւնն էլ կապուած է հենց ֆիլմի ստեղծման աշխատանքների հետ։
Այն ձայնագրեց եւ երգեց The Rembrandts խումբը , որը մինչ այդ յայտնի էր որպէս փոփ-ռոք խումբ եւ երգում էր բաւականին մռայլ երգեր ։ Իսկ թէ ինչպէս այս երգի ոճի հետ ոչ մի կապ չունեցող խումբը կատարեց երգը, դա ունի իր մասնաւոր պատճառները ։ Ֆիլմի արտադրիչ Քեվին Պրայթը շատ էր սիրում The Rembrandts-ին եւ երբ պէտք է սկսէին հեռուստաշարին ենթաերաժշտութեան (soundtrack) ստեղծման աշխատանքները, նա խնդրեց խմբի տղաներին, որպէսզի նրանք եւս մասնակցեն աշխատանքների համար յայտարարուած մրցոյթին։ Ահա թէ ինչ է պատմում խմբի անդամ Տենի Ուայլտը,- «Քեվինին եւ հեղինակներին պէտք էր երգ, որ հենց շարժանկարի ոգիին համապատասխան լիներ։ Նրանք ուզում էին որ ֆիլմի բնորոշ մեղեդին տարբերուի մնացած ֆիլմերի երգերից , ուր միեւնոյն հեղինակը բազմաթիւ հեռուստաշարերի մեղեդիներ էր գրում , եւ նրանք միմեանցից գրեթէ ոչնչով չէին տարբերւում։ Քեվինը նաեւ ուզում էր որպէսզի երգը ձայնագրի եւ երգի իր սեփական լսարանն ունեցող իրական, գործող խումբ։ Նրանք մեզ հրաւիրեցին շարժանկարի արտադրամաս, ցուցադրեցին հեռուստաշարի առաջին՝ փորձնական մասը։ Մեզ այն դուր եկաւ, ինչպէս նաեւ դուր եկաւ երգը։ Միակ խնդիրն այն էր, որ երգը մեզ հետ ոեւէ կապ չուներ՝ ոչ ոճային, ոչ կատարողականութեան տեսակէտից։ Չնայած այս ամենին, մենք որոշեցինք երգել այն։ Ինչու՞ ոչ։ Միեւնոյնն է ոչ ոք չէր իմանայ, որ այն մենք ենք կատարում »։
The Rembrandts խումը նախկինում կատարում էր իր իսկ գրած երգերը։ Այստեղ հեղինակներն եղան այլոք՝ Մայքլ Սքլոֆը եւ Էլլի Ուիլիսը, ինչպէս նաեւ համահեղինակներ հանդիսացան հեռուստաշարի սցենարի հեղինակներ Մարթա Քաուֆմանն ու Տէյվիտ Քրեյնը։
Երգի խօսքերի հեղինակ Էլլի Ուիլիսը պատմում է ,- « Ես դիտեցի փորձնական մասը։ Մայքլն արդէն սկսել էր աշխատել մեղեդու վրայ եւ ինձ որպէս սեւագիր տուեց հետեւեալ տողը՝ “ I’ll be there for you”(Ես կլինեմ քո կողքին) ։ Երգը պէտք է լիներ հաւատարիմ ընկերների մասին ։ «Ինչ խնդիրներն էլ որ ծագեն , ես միշտ կողքիդ կը լինեմ»,- այս էր ողջ գաղափարախօսութիւնը»։
Երբ երգը ձայնագրուեց, խմբի տղաներն այնքան էլ ոգեւորուած չէին այն գաղափարից, որ որպէս հեղինակ կամ կատարող պէտք է հնչէր նրանց անունը։ Անկախ այն հանգամանքից, որ նրանք համաձայնեցին կատարել երգը, այն շատ հեռու էր իրենց ոճից եւ նրանք որոշեցին, որ հեռուստաշարի աշխատանքային անձնակազմի մէջ չգրուի նրանց անունը։ Հեռուստաշարի ցուցադրութիւնից յետոյ այն իսկական պայթիւն առաջացրեց։ Ունկնդիրները զանգահարում էին ռատիոկայաններ եւ խնդրում, որպէսզի ռատիոյով հնչեցնեն հեռուստաշարի հնչող երգը։ Այստեղ մի խնդիր առաջացաւ։ Երգը գրուել էր ընդամէնը որպէս ենթաերաժշտութիւն եւ պէտք է հնչէր միայն որպէս բացում՝ երբ սկսուեր հերթական մասը, այդ պատճառով այն շատ կարճ էր, մէկ րոպէից էլ պակաս։ Ստիպուած եղան երգը վերանայել, ձեւափոխել, կտրել-կպցնել միմեանց՝ մի քանի պատրաստի մասեր եւ ստանալ մէկ ամբողջական, երկար հատուած, որը կարելի կը լիներ որպէս երգ հնչեցնել ռատիոեթերով։ Այն դարձաւ իսկական հիթ՝ լցնելով բոլոր եթերները։ Ֆիլմի արտադրիչները ստիպեցին The Rembrandts-ին նորից ձայնագրել երգը՝ որպէս առանձին , լիարժէք երգ ։ Այդ ժամանակ գրեթէ ամբողջութեամբ պատրաստ էր նրանց հերթական ալպոմը եւ շուտով պէտք է թողարկուեր եւ վաճառքի հանուէր։ Թողարկողները ստիպեցին նրանց, որպէսզի երգը մտցնեն իրենց ալպոմի երգացանկի մէջ, որն էլ հետագայում ճակատագրական դեր ունեցաւ խմբի փլուզման գործում։ «Մենք կածում էինք, որ երգը ոճային առումով բացարձակապէս ոչ մի կապ չունի այն երգերի հետ, որ մենք երգում էինք եւ որոնք տեղ էին գտել մեր ալպոմում։ Եւ կարծում էինք, որ այն տեղ չունի այս հաւաքածուի մէջ։ Սակայն երբ մեզ ցոյց տուեցին վաճառքի թուերը, մենք տեղի տուեցինք»,-պատմում է Դ․ Ուայլտը։
Երգը նաեւ թողարկուեց միայնակ սկաւառակի տեսքով եւ մտաւ ամերիկեան, բրիտանական , գանատական հիթ-շքերթների առաջատար ցանկի մէջ։
«Այս երգի պատճառով ենք մռայլ ռոք խմբից վերածուեցինք բոլոր համերգներին հանդիսատես զբաղեցնող «ուրախ մի խմբի» , որը ոչ մի կապ չուներ մեր գաղափարախօսութեան եւ մեր տեսլականի հետ։ Երգը կարծես անէծք դարձաւ մեր գլխին։ Մենք ստիպուած էինք ամիսներ շարունակ շրջագայութիւնների մէջ լինել եւ երգել այն տարբեր բեմերում, ինչի հետեւանքով դադարեցինք ստեղծագործել եւ ձայնագրել մեր երգերը։ Այս ամենը դարձաւ մեր գորշ առօրեան եւ թէեւ ես եւ Ֆիլը բացայայտ տարաձայնութիւններ չունէինք, այնուամենայնիւ, երկուսս էլ հասկացանք, որ այլեւս կորցրել ենք մեր խմբի հիմնական գաղափարախօսութիւնը եւ բաժանուեցինք իրարից՝ փլուզելով խումբը ։ Այո, ես կարող եմ ասել, որ երգը մեր խմբի փլուզման մէջ շատ հիմնաւոր դեր ունեցաւ»,- պատմում է Ուայլտը։
Տեսահոլովակի մէջ նկարահանուեցին հենց հեռուստաշարի դերասանները, որոնց մեծ դժուարութեամբ իրար գլխի հաւաքեցին մի քանի ամիսների ընթացքում։
Թէեւ հեռուստաշարը վաղուց աւարտուել է եւ խումբն էլ մասնատուեց, սակայն երգը մնաց եւ շարունակում է յիշեցնել հին ու բարի ժամանակները եւ հաւատարիմ ընկերներին ։
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը