Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Մեր հարցազրոյցների այս շարքի երկրորդ հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրած թեկնածու Ռուսլան Իսրայելյանն է: Իր հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրոյցը:
«Խմբ.»
Ռուսլան Իսրայելյանը ծնվել է 1961թ. հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բարձր պաշտոններ: 1991 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը: 1992-1993 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների: Ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է Շուշիի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին: 1997թվականի հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ: 1998-2000թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ: Եղել է «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ և ԱԺ-ի համանուն խմբակցության անդամ: Սակայն 2018 թվականի հունիսի 7-ից դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և խորհրդարանական խմակցությոնըՙ մնալով որպես անկախ պատգամավոր: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով «Մեսրոպ Մաշտոց», «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մայրական երախտագիտութուն Արցախի քաջորդիներին» և մի շարք այլ հուշամեդալներով:
-Պարոն Իսրայելյան, շնորհակալ եմ հարցազրույցի խնդրանքը չմերժելու համար: Նախ ուզում եմ իմանալ ինչպե՞ս է անցնում քարոզարշավը: Քանի գյուղ ու քաղաք եք հասցրել այցելել և ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունն ընտրություններին: Լարվածություն կա՞, որի մասին նախընտրական շրջանում խոսում էիք:
-Նախընտրական հանդիպումներն անցնում են բավականին անմիջական ու ջերմ մթնոլորտում: Քարոզարշավը մեկնարկել եմ իմ հայրենի գյուղում՝ Բերդաշենում, և շարունակում եմ հանրապետության շրջկենտրոններում: Չնայած թեկնածուների բազմաքանակությանը՝ բնակչության հետաքրքրությունը մեծ է, քանի որ Արցախի ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Իշխանությունները իմիտացիա են անում քարոզարշավը օրենքի համապատասխան անցկացնելու վերաբերյալ, բայց իրականում գործող իշխանությունների և իշխանական թեկնածուների ազդեցությունները մեծ են՝ իմ հանդիպումներին հանրության մասնակցությունը սահմանափակելու հարցում: Այս բոլոր հանգամանքների պատճառով՝ նախընտրական շրջանում իմ կողմից նշված լարվածությունը առկա է նաև քարոզարշավի ընթացքում:
-Ի՞նչ կփոխվի Արցախում Ձեր ընտրվելու դեպքում:
-Իմ ընտրվելու դեպքում, ես վերադարձնելու եմ իշխանության և պետության հանդեպ ժողովրդի կորցրած հավատը: Երկրում ստեղծելու եմ օրենքի գերակայություն, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, վերականգնելու եմ սոցիալական արդարությունը, անհաշտ պայքար եմ մղելու կոռուպցիայի և հովանավորչության դեմ և դրանով հանդերձ ապահովելու եմ Արցախում ապրելու գրավչությունը:
-Ինչպե՞ս եք պայքարելու ներքին ու արտաքին մարտահրավերներին, որոնք առկա են Արցախի հարցում:
-Մենք ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ արտաքին մարտահրավերները միշտ էլ առկա են լինելու: Պարզապես ես ստեղծելու եմ հզոր պետություն, ուժեղ բանակ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մեզ հետ խոսել ուժի դիրքերից, զարգացած տնտեսություն և բոլոր առումներով առողջ հասարակություն: Այս բոլորը կնպաստեն նաև ներքին մարտահրավերների լուծմանը:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ չնայած առաջադրվել եք, սակայն չեք բացառում ընթացքում այլ թեկնածուի սատարելու հնարավորությունը: Ո՞ր դեպքում եք պատրաստ այլ թեկնածուի սատարել և ու՞մ:
-Ես մտել եմ ընտրապայքարի մեջ՝ մինչև վերջ պայքարելու համար: Ընտրապայքարից դուրս գալու ոչ մի պատճառ չունեմ: Իմ կարծիքով լինելու է երկրորդ փուլ: Երկրորդ փուլ չմտնելու պարագայում՝ կսատարեմ իմ ընդդիմադիր հայացքներն ու ծրագրերը կիսող թեկնածուին:
-Նախընտրական շրջանում Դուք մտավախություն եք հայտնել, որ ընտրությունները չեն լինելու ազատ ու թափանցիկ: Մինչ այս պահը դրա մասին վկայող որևէ քայլ եղել է գործող իշխանությունների կողմից: Որպես ընդդիմադիր գործիչ, Ձեր հաղթելու շանսերն ինչքա՞ն եք գնահատում:
-Ընտրությունների ազատ և թափանցիկ անցնելը չի որոշվում ընտրության օրը: Օրենքի խախտումներով քարոզարշավը որոշ թեկնածուների կողմից սկսվել է մինչև պաշտոնապես հայտարավելը: Այդ կապակցությամբ իրավապահ մարմինների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ քայլեր չեն ձեռնարկվել: Մնում եմ նախընտրական շրջանում իմ հայտնած այն տեսակետին, որ ընտրություններն արդար և թափանցիկ չեն անցնելու:
Սակայն հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում որոշ կարծրատիպեր կկոտրվեն և ժողովուրդը կգիտակցի, որ շատ բան է կախված իրենից: Այս գիտակցումից է կախված իմ ընտրվելու շանսերը:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին կոչ էր արել չքվերակել այն թեկնածուի օգտին, ով դեմ է ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանությանը: Այս կոչը որևէ ազդեցություն ունեցե՞լ է արցախցիների վրա:
-Արցախցիները քաջ գիտակցում են, որ ԱՀ և ՀՀ իշանությունները պետք է ունենան բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերություններ: Այս ամենով ամեն ինչ արդեն ասված է:
-Ձեր ընտրվելու դեպքում այդ բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները կլինե՞ն:
-Միանշանակ: Եվ ասեմ, որ կարևոր չեն անձերը: Բոլոր ժամանակներում էլ պետք է այդպես լինի: Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև պետք է բարիդրացիական հարաբերություններ լինեն:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Զարթոնք օրաթերթի նախորդ հարցազրույցը Արցախի կին թեկնածու Բելլա Լալայանի հետ կարող եք կարդալ հետևյալ հղումով: