Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը, որի անդամ է եղել 47 տարի: Եվրամիությունից դուրս գալը Մեծ Բրիտանիանի համար տևեց 3.5 տարի: Հանրաքվեի արդյունքներով, Brexit-ին աջակցել են ընտրողների 51.9%-ը: Այն ամենաբարձր ցուցանիշն էր 1992-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ուելսում ԵՄ-ից ելքի օգտին քվեարկել էր հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը (52,5%), Անգլիայում՝ 53.4%-ը: Brexit-ին դեմ էին Շոտլանդիայում (62%) և Հյուսիսային Իռլանդիայում (55.8%):
Եվրամիության խորհուրդը հունվարի 30-ին հաստատեց Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը: Brexit-ի կողմնակիցները մեծ ցնծությամբ, երգ ու պարով են ընդունել որոշումը:
Բրիտանացիները այս 3.5 տարվա ընթացքում բազմիցս, տարբեր սոցհարցումների ժամանակ նշել են, թե ինչու էին ցանկանում դուրս գալ Եվրամիությունից:
Ընդհանուր առմամբ, այդ պատճառները կարելի է բաժանել երկու խմբի. դժգոհություններ՝ կապված ԵՄ-ի հետ և հակասություններ՝ Բրիտանիայի ներքին կյանքում: ԵՄ հանդեպ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկն է դժգոհությունը Բրյուսելի բյուրոկրատական համակարգից, որը, բրիտանացիների կարծիքով, չափազանց շատ է խառնվում տնտեսական հարցերին և ստեղծում օրենքներ և կանոնակարգեր, որոնք սահմանափակում են տնտեսության զարգացման հնարավորությունները: Բրիտանացիները մշտապես նշել են, որ ուզում են ազատ լինել և իրենք որոշումներ կայացնեն: Տարբեր գնահատականների համաձայն, Brexit-ը ցույց տվեց, որ Բրիտանիայի ներսում առկա է որոշակի ճեղքվածք նրանց միջև, ովքեր ընդգրվկած են համաշխարհայնացման գործընթացների մեջ և շահում են դրանցից, և նրանց միջև, ովքեր, դրանցից կորցնողի դերում են հայտնվել: Այս երկու հիմնական խնդիրները հանգեցրին Brexit-ի վերջնական արդյունքին:
Մեծ Բրիտանիան Եվրամիության երկրորդ խոշոր տնտեսությունն է Գերմանիայից հետո (2018-ի վերջին նրա ՀՆԱ-ն կազմել է 2,8 տրիլիոն դոլար, Գերմանիայինը՝ 4 տրիլիոն դոլար, Ֆրանսիայինը՝ 2,7 տրիլիոն դոլար)։ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կազմում էր ԵՄ 28 երկրների տնտեսությունների 15,2%-ը:
Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ բնակչությունը կպակասի 66,2 միլիոնով (2018-ին ԵՄ ընդհանուր բնակչությունը կազմում էր 513 միլիոն մարդ): ԵՄ տարածքը կկրճատվի 248 հազար քառ. կմ-ով:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի դուրս գալը նոր փուլի սկիզբ Է համարում բոլոր բրիտանացիների կյանքում: «Սա նոր դարաշրջանի արշալույսն Է, որում մենք այլևս չենք համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն այն բանից, թե երկրի որ մասում եք դուք ապրում: Սա այն պահն Է, երբ մենք սկսում ենք միավորվել ու հասնել նոր մակարդակի: Մեր՝ որպես կառավարության դերը, իմ աշխատանքը պետք Է կայանա նրանում, որ միավորենք մեր երկիրն ու առաջ տանեք»,- ասված Ջոնսոնի ուղերձում:
«Ես կանեմ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը, ես արժանապատվությամբ կնշեմ Եվրամիությունից դուրս գալը: Ես այդ իրադարձությունը կնշեմ նույնքան հարգալից, որքան դա հնարավոր Է՝ հաշվի առնելով իրադարձության մասշտաբները»,- ասել Է Ջոնսոնը:
Ջոնսոնը ցանկանում է ինչքան հնարավոր է արագ կնքել առևտրային համաձայնագրեր ԱՄՆ ու այլ ոչ եվրոպական երկրների հետ:
Այսպիսով, Մեծ Բրիտանիան պաշտոնապես հունվարի 31-ի կեսգիշերին լքեց Եվրամիությունը: Նշենք, որ մինչև տարվա ավարտը ոչինչ չի փոխվելու, պարզապես Միացյալ Թագավորությունը չի կարողանա մասնակցել որոշումների ընդունմանը: Մեծ Բրիտանիան կմնա մաքսային միության մեջ և կպահպանի մուտքը ԵՄ ներքին շուկա: Առևտրային համաձայնագրերում մինչև դեկտեմբերի 31-ըՙ անցումային փուլի ավարտը ոչինչ չի փոխվի:
Եվրամիության երկրների քաղաքացիները կարող են ապրել և աշխատել Մեծ Բրիտանիայում (և հակառակը) մինչև անցումային փուլի ավարտը։ Այնուհետև նրանք, ովքեր ցանկանան, հինգ տարի հետո մշտական կացության թույլտվություն կստանան։ Եվրամիության բարձրագույն դատական ատյանն՝ Արդարադատության եվրոպական դատարանն, այդ փուլի ընթացքում որպես բարձրագույն դատական ատյան շարունակում է մնալ նաև Մեծ Բրիտանիայում։ ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև անցումային փուլում և դրանից հետո տրանսպորտային հաղորդակցության համար որևէ խոչընդոտ չպետք է առաջանա։
Համենայն դեպս, այդ մասին է վկայում կողմերի հրապարակած համաձայնագիրը: Տարբեր ոլորտներում, իհարկե, անցումային փուլից հետո փոփոխություններ տեղի կունենան: Պետք է նշել, որ ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար ոչ այնքան տնտեսական խնդիրներ կարող է ստեղծել, որքան քաղաքական: Ըստ քաղաքագիտական շրջանակների վերլուծությունների, Brexit-ից քաղաքական հետևանքը կարող է լինել Շոտլանդիայի անկախության 2-րդ հանրաքվեն: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկանում է հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային: Ինչևէ, Brexit-ը կայացավ: Մեծ Բրիտանիան թևակոխում է նոր ժամանակաշրջան: Կարելի է ասել, ավարտվեց երկարատև Brexit-ի առաջին էջը: Հետաքրքիր իրադարձությունները առաջիկայում են:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ