Լիբանանեան ճգնաժամն ու Հայաստանը

Անցած տարուայ հոկտեմբերից Լիբանանում հակակառավարական ցոյցեր սկսուեցին, որի արդիւնքում հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաատ Հարիրին հրաժարական տուեց: Կառավարութեան  հրաժարականը, սակայն, երկրում իրավիճակը չկայունացրեց: Նոր Կառավարութիւն դեռևս չի ձևաւորել: Տնտեսական և ֆինանսական իրադրութիւնը շարունակում Է մնալ ճգնաժամային: Իրադրութիւնը բարդ է, քանի որ երկրում կայունութիւնը պահպանւում է կրօնահամայնքային փխրուն հաւասարակշռութեան շնորհիւ:

Զգացւում Է արժոյթի պակասութիւն պանքային հատուածում: Դադարեցուած են ֆինանսական փոխանցումներն արտասահմանեան հաշիւներին: Երկրից տոլար դուրս փոխանցելը սահմանափակուած է: Երկիրը երեք ամսից աւելի Է՝ գտնւում Է քաղաքական դատարակութեան մէջ: Տեղի իշխանութիւնները կարողացել են նշանակել նախարարների խորհուրդի նոր ղեկավար ի դէմս Հասսան Տիապի, սակայն նոր կառավարութիւն, որը բաւարարի բոլոր քաղաքական կողմերին և ժողովրդական շարժմանը, այսօրուայ դրութեամբ կազմուած չԷ: Երկրի նախագահ Միշէլ Աունը դեռ հոկտեմբերի սկզբին յայտարարել Էր, որ պետութիւնը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից:

Այս ամենից իհարկէ անմասն չի մնում Լիբանանի հայկական համայնքը: Լիբանանի հայութիւնը ևս տուժում է երկրում առկայ ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից:

Օրեր առաջ էլ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Ծննդեան պատարագի ժամանակ ևս մէկ անգամ շեշտեց շուտափոյթ նոր կառավարութիւն կազմելու անհրաժեշտութեան մասին:

«Սիրելի Լիբանանի հայութիւն, իրենք իրաւունք չունէին իրենց անձնական, կուսակցական, համայնքային շահերը վեր նկատել ժողովրդի շահերէն: Եկեղեցին չի կարող լուռ և անտարբեր մնալ այս երևոյթի նկատմամբ: Եկեղեցին ժողովրդի հետ է, ամեն անգամ և ամեն տեղ ես պէտք է յիշեցնեմ: Եւ Լիբանանի հայութիւնը որպէս այս երկրի եօթ գլխաւոր համայնքներից մէկը և ես այս համայնքի վերին հոգևոր պատասխանատուն այս երկրի քաղաքական պատասխանատուներին կը յիշեցնեմ, որ այս երկիրը պէտք է հեռու պահեն ամեն տեսակ փտածութիւնից և այս ժողովրդին ծառայեն պատասխանատուութեամբ: Մենք հաշիւ տուող կառավարութիւն կ՛ուզենք, վստահութիւն ներշնչող անձեր կուզենք»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Լիբանանահայութեան համար այս ծանր շրջանում, միանշանակ, հայրենիքից աջակցութիւն և օգնութիւն ստանալը կլինի ոգևորող: «Զարթօնք» օրաթերթը փորձեց  ՀՀ վարչապետին կից սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարի գրասենեակից ճշտել, թէ այս ընթացքում ի՞նչ է արել գրասենեակը լիբանանահայութեանը որևէ ձևով օգնելու կամ աջակցելու համար: Կլենտելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանեանը, ով գլխաւորում է ՀՀ վարչապետին կից սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարի գրասենեակը և ում ուղղակի պարտականութիւնն է լինել Սփիւռքի հայութեան կողքին, պարզւում է այս ընթացքում ոչ մի անգամ չի հանդիպել լիբանանահայութեան հետ:

Մեր գրաւոր հարցմանն ի պատասխան, յանձնակատարի գրասենեակից տեղեկացրին, որ իրենք մշտական կապի մէջ են Լիբանանում ՀՀ դեսպանութեան, հոգևոր, համայնքային կառոյցների ու անհատների հետ: Տեղեակ են Լիբանանում օրեցօր սրուող սոցիալ-տնտեսական դժուարութիւններին, որի մէջ է յայտնուել նաև հայ համայնքը:

Ըստ յանձնակատարի գրասենեակի, այս ընթացքում որոշ լիբանանահայ ընտանիքներ ու անհատներ արդէն իսկ տեղափոխուել են Հայաստան ու դիմել Գրասենեակ: Նրանց հիմնականում տրամադրուել է խորհրդատուական աջակցութիւն, իսկ հարկ եղած դէպքում միջնորդութիւններ են ներկայացուել համապատասխան մարմիններ:

Մեր հարցին, ՀՀ կառավարութեան կողմից լիբանանահայութեանը մարդասիրական օգնութիւն տրամադրուե՞լ է, թէ ոչ, Գրասենեակից բացասական պատասխան տուեցին: «Միաժամանակ, Գրասենեակի հետ կապ պահող որոշ լիբանանահայեր ցանկութիւն են յայտնում տեղափոխուել Հայաստան, սակայն իրենց վերջնական որոշումը դեռևս չեն կայացրել: Հաւանաբար այն յոյսով, որ իրադրութիւնը կը կայունանայ: Յոյս ենք յայտնում, որ բարեկամ Լիբանանը կը յաղթահարի ներկայ ճգնաժամը, իսկ հայ համայնքը հանդէս կը բերի համախմբուածութիւն ու զգօնութիւն: Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել աշխարհասփիւռ հայերին: Սա գլխաւոր ազդակն է, որ ուզում եմ փոխանցել մեր հայրենակիցներին»,- նշեցին Սփիւռքի գործերով յանձնակատարի գրասենեակից:

Ի՞նչի կարիք ունեն լիբանանահայերը, ի՞նչ են ակնկալում նրանք Հայաստանից: Մարդասիրական աջակցութեան կարիք եղե՞լ է, թէ ոչ: Լիբանանահայերից հայրենիք տեղափոխուածներին ի՞նչ աջակցութիւն է ցուցաբերուել: Այս և այլ հարցերի վերաբերեալ յանձնակատարի գրասենեակից նշեցին, որ ներկայումս մշակման փուլում են օրէնսդրական և ծրագրային փաթեթներ, որոնք անմիջականօրէն առնչւում են հենց այս խնդիրներին: Առաւել մանրամասն, թերևս, յետագայում կը կարողանանք ներկայացնել, թէ խօսքը ի՞նչ օրէնսդրական ու ծրագրային ծրարներու մասին է:

Մեզ նաև տեղեկացրին, որ առաջիկայում նախատեսնում են այց իրականացնել Լիբանանՙ ստեղծուած իրավիճակին ու համայնքի խնդիրներին տեղում ծանօթանալու նպատակով:

Ի դէպ վերջում նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը դեկտեմբեր ամսին հիմնադրամի միջոցներից ֆինանսական օգնութիւն է տարել Լիբանան, որը Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով բաժանուելու էր տեղի հայկական վարժարաններին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի հայկական դպրոցներին է յատկացրել 100 հազար ԱՄՆ տոլար, իսկ Արցախի կառավարութիւնն էլ իր հերթին ուղարկել է 50 հազար ԱՄՆ տոլար: Գումարը ստացած են Լիբանանի 18 հայկական վարժարանները, իրենց մօտ  սովորող 5020 աշակերտներու համեմատութեամբ:  Աւելի ուշ նոյն հիմնադրամի Լիբանանի մարմնի ճամբով Լիբանանի մէջ գործող 5 ամենօրեայ լրատուամիջոցներն ալ (3 օրաթերթ եւ 2 ռատիօ) ստացած են համապատասխան օգնութիւններ:

Քրիսթինա Աղալարեան

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *