Քաղաքական Ակնարկ. Փաշինյանի վարած քաղաքականությունը հաջորդ հեղափոխության համար պարարտ հող է

Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբը օրեր առաջ համաժողովի միջոցով հայտարարեց գործունեության մասին: Ակումբի անդամները հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, ներկա իշխանությունից դժգոհ քաղաքական, հասարակական գործիչներ:

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյան, ՀՀկ-ական Արփինե Հովհաննիսյան, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը, Դաշնակցության անդամներ՝ Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Աղվան Վարդանյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան, Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Ռուբեն Հակոբյան, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան, Արամ Հարությունյան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան, նախկին ԲՀԿ-ականներ Էլինար Վարդանյան, Վահե Հոովհաննիսյան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Խոսրով Հարությունյան, Կարեն Բեքարյան և այլք:

Նրանց բոլորին միավորում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունից դժգոհ լինելը և երկրի արտաքին ու ներքին տագնապալի իրավիճակը:

Ենթադրելի է` Վերնատունը հաջորդ ընտրությունների համար պատրաստվող ուժ է կամ դաշինք:

Այստեղ հիմնական դերակատարումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է:

Ուսումնասիրելով տարիների ընթացքում վերը թվարկած գործիչների քաղաքական, հասարակական գործունեությունը, դժվար չէ հասկանալ, որ Վերնատան հետևում հիմնականում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահը:

Բազմաթիվ վարկածներ կարելի է քննարկել ու վերլուծել: Նոր հեղափոխություն: Արհեստական ընդդիմության ստեղծում: Արտաքին աշխարհին ուղղված ակնարկներ և այլն:

Մի բան է հստակ: Այս պահին Վերնատունը չունի այն ուժն ու կարողությունը Փաշինյանի իշխանության դեմ որևէ լուրջ քայլ կատարելու համար:

Մեծ հաշվով, Քոչարյանին հիմա անհրաժեշտ է Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կա: Ինքն այստեղ համակիրներ ու հիմք ունի: Ռուսաստանի աջակցության պարագայում իշխանությունը վերցնելու հավանականությունը մեծանում է:

Մյուս կողմից Փաշինյանի նորաստեղծ իշխանությունը դեռ թույլ է, երերուն:  Ուժեղ հարվածից կարող է ճաքեր տալ: Թիմում կամ բազմաթիվ  մարդիկ, ովքեր առաջին իսկ վտանգի դեպքում կլքեն նավը: Կտեղափոխվեն քոչարյանական կամ այլ ճամբար: Ժամանակի ընթացքում չի բացառվում ԲՀԿ-ի միանալը այս ակումբին:

Այս ամենի մեջ հետաքրքիր է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դերակատարումը: Վերնատան համաժողովում, ըստ էության, կարկառուն Հանրապետական դեմքեր չկային: Ներկաներն էլ Հանրապետականի ոչ Սարգսյանական թևից էին:

Չմոռանանք Արցախը: Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Բացառված չէ Արցախի գործիչներից ևս շատերը միանան Վերնատանը: Մի բան հստակ է` այս ուժը հզորանալու դեպքում իրենից լուրջ վտանգ կարող է ներկայացնել Փաշինյանի համար:

Նման անլուրջ քաղաքականությունը, որը տանում է Փաշինյանը, հաջորդ հեղափոխության համար պարարտ հող է:

Մարդիկ սպասում են փոփոխությունների: Հեղափոխական խոստումները դեռ մնում են օդում կախված:

Հասարակությանը ձերբակալություններով կերակրելու ժամանակն անցել է: Արդյունք չկա: Առարկայական ձերբակալություններ, պատիժներ չկան: Կա միայն անձնական վրեժ: Սոցիալական ցանցերով կամ պետական վիճակագրական կոմիտեի նկարած թվերով հասարակությանը ուրախացնելը, վաղուց անլրջացել է:

Վերջիվերջո, Մերժիր Սերժին արտահայտությունը հասունացել էր հենց այդ նույն ճահճացած ու հասարակությունից կտրված վիճակի պատճառով:

Նույն քաղաքականության շարունակությունը ավելի կարագացնի Նիկոլի մերժումը:

Իշխանությունը պետք է սթափվի ու դուրս գա հեղափոխական թմբիրից: Եթե իհարկե ուզում է պահել քաղցր իշխանությունը:

Ինչպես ասել է Չարլզ Պերսի Սնոուն` իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին վայրկյան չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Այդպես եղավ ՀՀԿ-ի դեպքում:  Այդպես կլինի Փաշինյանին դեպքում և ցանկացածի, ով կկտրվի հասարակությունից  ու իրականությունից:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *