«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»: Սա ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն է: Այո այո, նախարարի հայտարարությունը: Հայաստանում անցենզուր մշակույթ է քարոզվում: Կարծես Նոր Հայաստանի մշակույթի ոլորտի համար դատավճիռ է, ինչպես ժողովուրդն է ասում, խելքը գլխին նախարար չունենալը: Մի նախարարը հայտարարում է մշակույթը ես եմ, մյուսը` Հայաստանում մշակույթը «ցենզուրա» չի ունենալու: Մինչև ե՞րբ:
Անցենզուր մշակույթի առաջին ապացույցը Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում տեղի ունեցած «Հուզանք ու Զանգ» անվանումով, չգիտես ինչպես կոչել, միջոցառումն էր, որի գլխավոր դերակատարը Երևանի ավագանու իշխանական Իմ քայլը խմբակցության քարտուղարն էր: Միջոցառումը ուղեկցվեց բախումներով:
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների բնորոշմամբ՝ սա անգամ անցենզուր մշակույթի դրսևորում չէր: Սա սատանիստական, անհասկանալի շարժումներով, դիվահար ձայներով, սարսափազդու գոչյուններով ու դեմքերով երիտասարդների պոռթկում էր, մարդկանց ահաբեկող գործողություններ:
Ամենազավեշտալին այն է, որ մշակութային բարձր արժեք համարվող անհասկանալի ու անընդունելի երևույթների քարոզչությունը կատարվում է պետական ամենաբարձր մակարդակով: Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամբողջ ազգին համարեց ըստ էության տգետ, ովքեր չեն ընկալում այդ բարձր արվեստը: Սակավագետներ որակումն էլ ուղղված հասարակության դժգոհ հատվածին Նիկոլ Փաշինյանի բառապաշարում ավելացավ:
Նախարարության դրամաշնորհային ֆոնդից 2.7 մլն դրամ է տրամադրվել փողոցային այս ակցիայի անցկացման համար: Տպավորություն է, որ հետևողական պայքար է սկսվել ազգային արժեքների դեմ: Պետությունը բարձր մակարդակով հովանավորում է հայկական ազգային արժեքներին դեմ նախագծերը: Եվ դա անում է հարկատուների հաշվին գոյացած գումարներով:
Ամենի հետևանքը՝ պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իմիջիայլոց, այս նույն նախարարն է, ով ջատագովն է, որ Հայաստանի բարձրագոյն ուսմնական հաստատաություններում պարտադիր չլինի հայագիտական նյութերի ուսուցումը։ Նախարարի հրաժարականի պահանջին միացել են արվեստագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Նախարարն էլ իր հերթին հաստատակամ է՝ հրաժարական չի տալու: Ի՞նչի համար հրաժարական տա, ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվ իսկապես, ինչի՞ համար հրաժարական տա: Ազգային արժեքները կործանելո՞ւ, դպրոցահասակ երեխաներին անցենզուր մշակույթ պարտադրելու՞ թե՞ ԼԳԲՏ համայնքի ակտիվ քարոզն անելու համար: Ի դեպ՝ ամիսներ առաջ սույն նախարարը նաև հանդիպել էր ԼԳԲՏ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ, քննարկել տարբեր հարցեր:
Կառավարության վերին օղակների ներկայացուցիչներին չէր խանգարի ներքին ցենզուրայի առկայությունը…