Պատգամավոր-վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ցինիզմի ու արժանապատվության արանքում

Պաշտոնանկությունների ու հրաժարականների կողքին բուռն քննարկման առարկա է դարձել հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականը, համաձայն որի նախարարների, փոխնախարարների, նախարարությունների գլխավոր քարտուղարների, մարզպետերի աշխատավարձերը էականորեն բարձրացել են: Հանձնարարականը տրվել է դեռևս հուլիս ամսին։ Մամուլը ամիսներ առաջ այդ մասին հրապարակեց, սակայն տեղեկությունը մնաց օդում կախված: Այսօր արդեն պաշտոնապես հաստատվել է:

Նախարարի 793 հազար 680 դրամ աշխատավարձը վարչապետի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։ Փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, որը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ, իսկ մարզպետերի աշխատավարձը 900 հազար դրամ:

Տարիներ առաջ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս երևույթը որակում էր որպես ցինիզմ: 2013 թվականին նախկին իշխանությունների օրոք ԱԺ ներկայացրած նախագիծը, համաձայն որի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը բարձրանալու էր, հանդիպեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատությանը: 

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության ու հուսահատության ֆոնին: Ինչո՞ւ պետք է բարձրանա, ասենք, Սերժ Սարգսյանի աշխատավարձը: 2008 թվականին մարտի 1-ին Երևանը տանկերով գրավելու՞ թե՞ Եվրոպաներում և Ռուսաստաններում Հայաստանը ծաղրի առարկա դարձնելու համար: Ինչո՞ւ պիտի բարձրանա Տիգրան Սարգսյանի, մշակույթի և քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը: Նրա համար, որ իրենք լուռ հետևել են, թե ինչպես է մեծահարուստը (oligarch) քարուքանդ անում մշակո՞ւյթը:  Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների ու գործող ղեկավար կազմի աշխատավարձը»,– ԱԺ ամբիոնից իրենց հատուկ ոճով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը (Տես տեսանյութ 1):

Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկնապատկելով իր Կառավարության նախարարների աշխատավարձերը, այն էլ գաղտնի կարգով, նույն ԱԺ ամբիոնում, ցինիզմ չորակեց աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում միլիոնավոր դրամներ աշխատավարձ շռայլելը: Հակառակը, վարչապետ Փաշինյանի կարծիքով իրենց նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: «Պարգևատրումային աղմուկի ժամանակ ես այս ամբիոնից պաշտպանել եմ այդ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ»,– հայտարարել է վարչապետը (Տես տեսանյութ 2): 

Ու բնավ կապ չունի, որ սահմանին կանգնած սպան ստանում է, օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ, այն էլ որոշակի բարձրացումից հետո, բայց կատարում ավելի կարևոր ու ազգանվեր գործ, քան, ասենք, աշխատասենյակներում  փափուկ աթոռներին նստող նախարարները: Եվ բնավ կարևոր չէ, որ ՀՀ-ում ուսուցիչները ստանում են անհամեմատ ցածր, անգամ ծիծաղելի աշխատավարձ: Արժանապատվությունը սա է: Քավլիցի, չենք ցանկանում նսեմացնել նախարարների կարևոր առաքելությունը երկրում, այնուամենայնիվ, հետևությունները թողնում ենք ընթերցողին:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *