Զարա Ղազարեան
«Զարթօնք»ի Աշխատակից
Մարդն անընդհատ հարցումների ու փնտռտուքների մէջ է, թէ ի՞նչ է սէրը, կամ ո՞րն է սէրը: Մարդը միշտ սիրոյ կարիք ունի, իսկ սիրոյ միակ կարիքն արտայայտուելն է: Այն կեանքի շարժիչ ուժերից է: Սէրն արարչագործութիւնն է:
Սէրը համամարդկային է, սակայն իւրաքանչիւրն ունի սիրոյ իր բանաձեւն ու բաղադրատոմսը: Բանաձեւում ենք, թէ ինչ է սէրը:
Տէր Եսայի քահանայ Արթենեան. «Սէրը հոգեվիճակ է, որն արտայայտում է մարդու անհատականութիւնը: Սէրը ծնւում է ազատութեան մէջ: Միայն ազատ մարդը կարող է դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կայ»:
Նորա Յարութիւնեան. «Սէրն ամենից առաջ ԱՍՏՈՒԱԾ է, Ումից բխում է մնացած ամեն ինչ։ Սէրը կեանքի կարեւորագոյն ապրումն է, որը լցնում է հոգիդ ուրախութեամբ, քաղցրութեամբ և ջերմութեամբ։ Այն ուզում ես տալ բոլորին՝ բնութեանը, մարդկանց, այն գործին, որը կատարում ես։ Աստուածային սէրն ապրելիս հոգեւոր վերելք ես ունենում։ Աստուածային սիրոյ դրսեւորում է միշտ պատրաստակամ լինել դիմացինի հանդէպ բարին գործել, նոյնիսկ փորձել կատարել անհնարին թուացողը՝ առանց տրտնջալու եւ փոխադարձը պահանջելու, հաւատարիմ և սիրով մնալ այն ամենի մէջ, ինչ ունես, ինչ գործ անում ես։ Սէրը գոհանալը և ուրախանալն է»։
Արտակ սարկաւագ Տիպան. «Երբ ասում ենք սէր, հասկանում ենք Քրիստոսի օրինակը` անձնազոհութիւն, ուրիշին բարիք գործել առանց երկմտելու ու յետին միտք ունենալու, սիրել դիմացինին, ինչպէս քո անձը: Չէզոք անձ չլինել, այլ զոհուել յանուն սիրելի էակի ու անվերապահօրեն հոգիդ տալ յանուն ազգի ու Եկեղեցու»:
Անահիտ Կօշկարեան. «Սէրն ինքնազոհաբերում է, երբ հոգիդ հանում ու նուիրում ես այն մարդուն, ում սիրում ես, իսկ յետոյ հոգուդ տեղը լցնում այդ մարդով»։
Նարեկ Շամամեան. «Սէրը հոգու ներդաշնակութիւն է, հանգստութեան զգացում, որը սահմաններ չունի»:
Տեր Եփրեմ քահանայ Յարութիւնեան. «Քրիստոնէական սէրը սեփական ես-ի յուղարկաւորութիւնն է և միւսներին անմնացորդ ծառայելը, անշահախնդիր նուիրուելը, քո անձնական ես-ին համընդհանուրի մէջ յարութիւն տալը»:
Անի Աւետիսեան. «Իրական, մաքուր ու մեղքերից հեռու սէրը քրիստոնէական հաւատի հիմքն է։ Ուղղակի պէտք է հասկանալ, որ սէրը միայն զգացմունք չէ»:
Սերինէ Աղաբեկեան. «Սէրն ուրիշի համար բարին փնտռելն է»:
Աննա Ապոյեան. «Սէրը զոհաբերութիւն է: Աստուած զոհեց Իր Միածին Որդուն՝ յանուն մարդու: Նա, ով սիրում է, պէտք է պատրաստ լինի զոհաբերութեան»:
Տէր Նշան քահանայ Ալավերդեան. «Սէրը սկիզբն է, տալն ու արարելը: Սէրը սիրելով է պէտք արտայայտել, այլապէս այն կը մնայ որպէս գաղափար»:
Ի վերջոյ, սէրը մարդկային ամենահասարակ վերաբերմունքն է՝ հասարակ ժպիտ, կարեկցանք, բարեկամութիւն անծանօթ մարդուն: Աստուած սէր է, կեանքը՝ սիրով լի յարատեւութիւն: