ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Տարին էր 1909. ամերիկուհի Սոնորա Սմարթ Տոտը քաղաքի տաճարում ունկնդրել էր մայրերի օրուայ տօնակատարութեանը նուիրուած վարդապետի ողջոյնի քարոզը: Թախծոտ աղօթել էր, որ յաւերժութեան ճանապարհով քայլող մայրիկի հոգուն Արարիչը լոյս շողար: Մայրիկի կորստեան ցաւի մշուշն էր պատել հոգին, մայրական գգուանք չէր ծորել սրտին, մայրական տիեզերական սիրոյ շողեր չէին իջել դէմքին, չէր հպել մօր լանջին, որ նրա սրտի տրոփիւնի զարկերը մայրութեան սիրոյ լոյս յորդէր հոգու տաճարին: Եւ մայրը, իրեն կեանքի արեւի լոյսի շողեր պարգեւելու պահին… իր լոյսն էր հանգել: Տաճարում հնչած աղօթքների մրմունջները, մայրերին ձօնուած անանձնական սիրոյ ողջոյնները՝ պլպլացող մոմերի լոյսին յենած, գնում գգուելու յաւերժութեան ճամբաներով քայլող մայրերին: Սոնորան ընկողմանել էր մայրական վշտի անուրջների յորձանուտ, խորհրդածել… ինչո՞ւ նաեւ հայրերին երջանիկ մաղթանքների, խոնջանքի երախտիքի, նրանց արարման պաթոսին խրախճանքի հանդէսների տօնախմբութիւն չլինէր, նրանց աւիւնով ուռճացած զաւակները իրենց հոգիներից քաղած սիրոյ երախտիքի փունջեր չմատուցէին:
Սոնորան եւ իր հինգ քոյր ու եղբայրները, Վիլեամ Ճէքսոն Սմարթ հայրիկի խնամքին էին մնացել: Կեանքի վայելքները զոհաբերած՝ բարեպաշտ, քրիստոնէական սիրով յորդած հայրը, աւելի քան երկու տասնամեակներ խնամել էր իր վեց զաւակներին, մայրական սիրոյ հուր կաթել նրանց սրտերին:
1910 թուականի Յունիսի 19-ին՝ հայրիկի ծննդեան օրը, Սոնորան, Վաշինգտոն նահանգի Սպակէյն քաղաքում, տօնախմբութիւն էր կազմակերպել՝ իր եւ բոլոր հայրերի մեծարման համար: Աստուածային երախտագիտութեամբ յորդած աղջիկ, քու անունն էլ փառաբանւում է հայրերի մեծարման օրուայ հետ: Եւ դու, հայրական քնքուշ սիրոյ կրակի ջահը ձեռքիդ քայլում ես ծաղիկների ու աստղերի լոյսով վարար քու յաւերժութեան ճանապարհին, հայրերի հոգիները քեզ գրկած տանում իրենց տիեզերական ճախրանքի հետ:
Եւ ամէն տարի, Արարիչի հանգստեան այդ Կիրակի օրը, երկրում սկսել էին հայրերի մեծարանքի ոչ պաշտօնական տօնախմբութիւններ, նրանց պատուին սիրոյ հրավառութիւններ կատարել, նրանց արի սրտերը ցնծութեան լոյսով հեղեղել: 1924 թուական, երկրի նախագահ՝ Կալվին Կուլիչը, ամէն տարուայ Յունիս ամսուայ երրորդ Կիրակի օրը հռչակել էր՝ «Հայրերի օր»: Օրուայ ծաղիկը ընտրել է՝ Աստղիկ դիցուհու արիւնից շառագունած ծաղիկների գեղուհի՝ վարդը, որի վրայ յենած սոխակները տիեզերքի ողջոյնն են հնչում աշխարհին: Կարմիր վարդերը՝ կեանքի հէքիաթի վայելքով հրճուող հայրերին, սպիտակները նրանց շիրիմներին՝ որպէս լուսնեակից քաղած ձիւնալոյս պսակ:
***
Տիեզերքի Արարիչին «Հայր մեր» ենք կանչում: «Հայր մեր» տէրունական աղօթքը մրմնջում ենք վերացած ու լուռ երկիւղածութեամբ: Խաղաղութեան անդորր է իջնում մեր հոգիներին, չարից փրկուելու աղերսանք, մեր անուշ մանչերին հանապազօրեայ հաց պարգեւելու յոյսի ըղձանք, հայրենի երկրին խաղաղութիւն: Հայրը հացի արարողն է, մեր ռանչպար հայրերն են ցորեանի հատիկները թեւատարած շաղ տուել արտերի հողին, հորովէլներ կանչելով եզներին եղբայր դարձրել, արօրների արեւաշող խոփերով հողի կուրծքը պատռելով ծածկել այն, որոնց մահով արտերն են կանաչ հագել, արտերն են ոսկեփայլ ծփացել, արեւահուր հասկերը զեփիւռին յենա՜ծ պար բռնել, ամբարները յորդել հացով: Հայոց հեթանոս աստուածների տիեզերական ոգու խորհուրդի կրակը հոգում՝ բանաստեղծ Վարուժանը, հացի արարման աղօթքն է երկնել:
Հայաստան երկիրը Հայրենիք ենք կոչել, մեր նախնիների արեամբ, քրտինքով, խոնջէնքով, քաջերին վայել մարտիկների արիւնով ողողուած հողը՝ հայրենի հող անուանել, որը Արշակների սրտերին պայքարի, կռուի շանթեր է փոթորկել: Հայրենի հողում, հայրերը շէներ, ոստաններ են արարել յետնորդների համար, այդ նրանք են դիւցազնօրէն կռուել նրանց պաշտպանութեան համար: Երբ հայրենիք ենք կանչում, սարսռում են հոգիները մեր, հայրենիք մրմնջալով՝ ժպտում են մեր սրտերը, կորցրած երկրի կարօտի յուշերից փլւում են մեր հոգիները, նրա խռովքից մեր ակներից արցունքի մարգարտաշար հատիկներն են համբուրում մեր այտերը: Հայրենիքի համար իրենց գարնանային կեանքի երազներն են զոհել բազում-բազում զաւակներ, իրենց արի ցեղի արեամբ սրբացրել հողն հայրենի: Արմենակ արի հայրս, հայրենիք կանչելով զաւակներին բերել հայրենի երկրի Զանգեզուր աշխարհի լեռներ: Հայրերի արարած օճախները հայրական տուն ենք կոչել, ուր գնացինք նրա կարօտի մրմունջները տարինք մեզ հետ: Իմ, ձեր ծննդավայրերի հայրենի տնե՜րը, մեր հոգիների տաճարներն են: Ամէն օր այցի եմ գնում նրան, նրա պատշգամբում հայրենի հողի կռուից վերադարձած հայրիկիս եմ գրկել, մայրիկիս ջերմ համբոյրն է ճակատիս: Խռովում է հոգիս, կարօտի սարսուռի անուրջների հետ հայրենի լեռների անուշ հովիկներին բազմած, գնում ընկողմանում նրանց գիրկը: Հայրը ինքը տունն է, իր վսեմ ճակատի վրայ է պահում այն, որ չփլի, շարունակի ապաստան լինել զաւակներին:
Սահակ Բագրատունի իմաստուն Մեծ իշխան, իր արիական ազգի պատմութիւնը երկնելու համար աղերսել էր Մաշտոցի աշակերտ Խորենացուն, իր տոհմին ու ցեղին յաւերժացնելու համար Մատեան երկնէր: Եւ Խորենացի իմաստուն այրը իր ցեղի արարումներին որոնելու ելաւ, Արմէն-հայերի մտքի թռիչքներով աւանդուած պատումներից ճշմարիտը ու իրականը պեղեց, իր ազգի բագինին ՝՝Հայոց Պատմութիւն՝՝ մատեանը ձօնեց, որից բռնկած ջահերը արիական հուր են կաթում մեր հոգիներին: Հայոց Սիւնեաց Բակուր Նահապետի Գողթն աշխարհի բանաստեղծների տաղերը ճառագեցին մեր սրտերին, հուր-հերով ու արեգակունք-ակներով Վահագնի ծնունդի հրաշապատումը աւետեց, նախնեաց մեծ գործերի հպարտանքը ու նրա վսեմութեան պատգամը փայլատակեց մեր սրտերին: Եւ նրան «Պատմահայր» կոչեցինք:
Սպիտակ թղթին հակած, մտքիս ղօղանջում է թոռնիկներիս կանչերի արձագանգը, երբ նրանք բակում խաղալիս ինչպէ՜ս էին «Մեծ հայրիկ» կանչում եւ գիտէ՞ք այն ինչքան անուշ էր հնչում: Նրանց խաղընկերները զարմացած նայում, ինչո՞ւ էին պապիկին «Մեծ հայրիկ» կանչում: Եւ «հայրիկների» սիրոյ ջերմութեամբ լեցուն այդ մանչերն էլ, ինձ հանդիպելու ատեն զուարթ ձայնով «Մեծ հայրիկ» կանչել:
Տիեզերական բարութեան ջահը ձեռքին երկիր մոլորակ ժամանած բարի հսկան՝ Սարոյեանը, ասել էր, որ բոլոր հայերը բանաստեղծ են: Ճշմարիտ էր այդ իմաստունը, իսկապէս հայոց դպրութեան, արուեստների, բանաստեղծների հովանաւոր՝ Տիր աստուածը, ինչքա՜ն քերթողներ, գուսաններ էր պարգեւել Արմէն-Հայ արի ցեղին: Գուսաններ՝ Սայեաթ, Ջիւանի, Շերամ, Հաւասի, Աշոտ, Շահէն, Դոստի իրենց երգերով փառաբանել են հայրերին, պատգամել՝ զաւակներին հովանի լինելու համար երկնից քաղած սպիտակ ամպերով քօղել նրանց: Ցեղին սրտի ջահը ձեռքին՝ ‘«Վահագն յարդագողի ճանապարհ»-ի հայոց հեթանոս աստուածների տաճարից հայրենի երկիր եկած Վարուժանը, աղաչել էր հայրիկին՝ իր ձիւնոտ վարսերի խորհուրդով, մտքի անդաստանից յորդած աղօթքով օրհնէր իրեն.
Հայր իմ, օրհնէ՛, ժամը հասաւ, պիտ՚ երթամ,
Նոր կեա՛նք մ՚ինծի կը սպասէ:
Պատանութիւնն ես թողեցի, նոր արիւն
Երակիս մէջ կը վազէ:
…
Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ.
Յոգնութեանդ ծիլն եմ տխուր:
Հոգիդ, կաղնի, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եւ ես քեզի յաջորդեմ…
…
Հայր իմ, օրհնէ՛, դողդոջ ձեռքերդ գլխուս դիր,
Թող մատներէդ կաթի վար
Աղօթքդ՝ եկած հոգւոյդ պայծառ խորանէն:
Վերջին ժամն է, օրհնէ՛ հայր:
Հայ իմաստուն մի այր, իր մայրիկին աշխարհներ տարաւ՝ «Մայրիկ» շարժանկարով: Տեսե՞լ էք արդեօք, հայ մի ուրիշ իմաստունի՝ «Հայրիկ» շարժանկարը: Պաստառի վրայ պարթեւահասակ խոշոր Մհեր-Ֆրունզիկ «Հայրիկ»-ն է յաղթ քայլում եւ հեռու բազմութեան մէջէն իր մանչն է վազում, «Հայրի՜կ» կանչելով գիրկն ընկում: Ինչքա՜ն անհամբեր սպասել ենք հայրական տան սեմին, վազել հայրիկին ընդառաջ, խոնջած հայրը սիրոյ թովչանքի քրքիչով գրկել, սեղմել է մեզ իր լանջին: Չէ, մեր հայրերը մեր ցեղի ոգին են:
Մեր լեռները կոչեցինք՝ «Լեռներ հայրենի»: Բարձր են լեռները մեր երկրի, սպիտակ թագեր են նրանց գագաթներին, ամպերի ճերմակ շապիկներ են հագել: Գիշերները աստղերն են այցի գալիս նրանց, լուսնեակն է իջնում իր սպիտակ համբոյրը շաղելու ճակատներին, արեւն իր երթը աւարտելուց առաջ կարմիր պատմուճան փռում նրանց երեսներին, երկնքում պայթած շանթերը կրակէ գօտի կապում մէջքերնին, նրանց սրտերից կրակ է ժայթքում:
Ո՜վ Արմէն-Հայ մարդ, որ արեւի լոյսի ու կեանքի հէքիաթն ես ըմբոշխնում, իմացի՝ր, այն քեզ պարգեւել է հայրդ, խոնարհիր նրա սպիտակ թագին, նրա կեանքի իմաստութեանը եւ դու Քրիստոնեայ հայ, կատարիր պատուիրանը քու պաշտած Աստուծոյ՝
ՅԱՐԳԻՐ ՈՒ ՊԱՏՈՒԻՐ ԾՆՈՂՔԴ
«ՊԱՏՈՒԷ ՔՈՒ ՀԱՅՐԴ ՈՒ ՄԱՅՐԴ, ՈՐՊԷՍԶԻ ՔՈՒ ՕՐԵՐԴ ԵՐԿԱՐ ԸԼԼԱՆ ԱՅՆ ԵՐԿՐԻՆ ՎՐԱՅ ՈՐ ՔՈՒ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾԴ ԿՈՒ ՏԱՅ ՔԵԶԻ» (Ելից 20-12)
Եւ ամենաթանկագին օրինակը, որ հայրը կարող էր տալ իր զաւակներին, նրանց մայրերին շնորհած իր սիրոյ գուրգուրանքն է:
Կլենտէյլ, Մայիս 2019