Յարութ Փամպուքճեան Երեւանի մէջ

30 տարի անց բաց երկնքի տակ

Ձախ Յարութի երևանեան համերգի մասին

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- ՀՀ վաստակաւոր արտիստ, սիրուած երգիչ Յարութ Փամպուքճեանը՝ Ձախ Յարութը, Յունիսի 30-ին «Հրազդան» մարզադաշտում կը ներկայանայ բացառիկ համերգով: «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կը ներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյեանինն է, ով մանրամասներ է ներկայացրել համերգից: 

– Պարոն Եղոյեան, խնդրում ենք, նախ ներկայացրէք համերգի գաղափարը, ինչպէ՞ս այն առաջացաւ։

Դեռ երկու տարի առաջ, երբ մայիսեան յաղթանակների կապակցութեամբ Յարութ Փամպուքճեանի «Իմ կեանքը» խորագրով մենահամերգը կազմակերպեցի Մարզահամերգային համալիրում, արդէն ծնուել էր այն գաղափարը, որ յաջորդ համերգը պէտք է կազմակերպուի «Հրազդան» մարզադաշտում: Դէ, այն ժամանակ դեռ երկու տարի կար, բայց ահա արդէն փաստի առաջ ենք:

– «Հրազդան» մարզադաշտը շատ խորհրդանշական վայր է համերգի անցկացման համար։

«Հրազդան» մարզադաշտը պատահական չեմ ընտրել: Այդ մարզադաշտը 30 տարի առաջ տեղաւորում էր 75,000 հանդիսատես: Ձախ Յարութը 6 օր շարունակ 100,000 հանդիսատեսով լեփ-լեցուն համերգներ է անցկացրել, ողջ հասոյթն էլ տրամադրել է աղէտի գօտուն: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմութեամբ են յիշում:

Կարծում եմ, որ սա պատմական քայլ է, և այն չնշելը պարզապէս նման իրադարձութիւնն անտեսել կը լինէր: Մարդկութեան ամենամեծ թշնամին անտարբերութիւնն է, մենք պիտի ուշադիր լինենք միմեանց նկատմամբ և յիշենք մեր մեծերին:  30 տարի առաջ արած այս քայլը հայրենասիրական մեծ նշանակութիւն ունէր, այն մեծ տօն էր հայ ազգի համար, և մեզնից մէկը պարտաւոր էր յիշել այդ մասին: Այնպէս ստացուեց, որ ինձ վիճակուեց այդ բախտը:

– Ի՞նչ երգեր է կատարելու Ձախ Յարութը համերգին, արդեօք կը լինե՞ն պրեմիէրաներ և անակնկալներ։

 Ձախ Յարութի բոլոր երգերը՝ թէ՛ հները, թէ՛ նորերը, շատ սիրուած են: Վստահեցնում եմ, որ ծրագիրը լինելու է ինքնատիպ, արթնացնելու է ջերմ և գեղեցիկ յուշեր և լի է լինելու պատմութիւն կերտող պահերով: Սպասւում են բազում անակնկալներ, որոնք դեռ չենք բացայայտի:

– Համերգին հանդէս են գալու նաև Ձախ Յարութի ընկերները։ Ի՞նչ երգեր են նրանք կատարելու, արդեօք կը լինե՞ն զուգերգեր։

 Յունիսի 30-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք համերգին կը մասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Յովհաննիսեանը, Անդին, Արման Յովհաննիսեանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամեանը: Մեր ամենասիրուած և ճանաչուած էստրադային աստղերը բազմիցս են հանդէս եկել վարպետի հետ նոյն բեմահարթակում: Նրանք ցանկացան ներկայ գտնուել այս իրադարձութեանը և սիրուած արտիստի կողքին լինել: Կը լինեն զուգերգեր, կը լինեն հետաքրքիր ու ինքնատիպ համարներ, որոնք անտարբեր չեն թողնի հանդիսատեսին:

– Ինչպէ՞ս են ընթանում համերգի կազմակերպչական աշխատանքները։

Համերգի կազմակերպչական աշխատանքները շատ լաւ են ընթանում, ամէն ինչ ընթանում է ծրագրուածի պէս: Յուսամ՝ ամէն ինչ կ՚անցնի բարձր մակարդակով:

– Ի՞նչ սպասելիքներ ունի Ձախ Յարութը, ինչպէ՞ս է պատրաստւում համերգին։

Ձախ Յարութը նոյնիսկ ամենասովորական կորպորատիւ և անձնական երեկոներին է լուրջ կերպով պատրաստւում: Նա նոյնիսկ տարիներ շարունակ իր կատարած երգացանկն է իւրաքանչիւր իրադարձութիւնից առաջ մի քանի օր փորձում: Պատկերացրէք՝ թէ ինչ պատասխանատուութեամբ է նա պատրաստւում այս համերգին: Մի քանի օրից Ձախ Յարութն արդէն կը լինի Հայաստանում՝ պատրաստուելու է համերգին, մասնակցելու է փորձերին և կազմակերպչական աշխատանքներին, որպէսզի գեղեցիկ և անմոռանալի համերգ նուիրի իր երկրպագուներին:

Արմէնփրէս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *