ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- 2019-ի Մայիսի 3-ին Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական hամալսարանի Կուլտուրայի բաժանմունքի դահլիճում տեղի ունեցաւ Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Վաչէ Պարտիզունու անուան Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի եւ Երեւանի Կոմիտասի անուան Պետական Կոնսերվատորիայի նախաձեռնած «Թումանեան. «Անհունի» ճամբով» խորագիրը կրող եռօրեայ միջազգային գիտաժողովի լիագումար նիստը:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՊՀՄ ռեկտոր, Փրոֆ. Ռուբէն Միրզախանեանը եւ հաստատեց. «Թումանեանը մէկն է, Թումանեանը մեծ է, Թումանեանը մեր բոլորիս մէջ է»:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ ՀՀ ԱԺ պատգամաւոր, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի նախկին տնօրէն Նարինէ Թուխիկեան-Խաչատուրեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց հանդիսութեան կազմակերպիչներին՝ բոլորիս ի մի բերելու համար: «Նա առաջինն էր բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին նա առաջինն էր որպէս բարոյական կերպար»,- ընդգծեց պատգամաւորը եւ յորդորդեց երիտասարդութեանը Թումանեանի ամբողջականութիւնը տեսնել նրա ստեղծագործութիւններում: Մենք պարզապէս պիտի գնանք նրա ետեւից դէպի Անհունը, որտեղ իր հայեացքն է եղել, դէպի բարձրը, որտեղ ճախրում էր»:
Հայաստանի Գրողների Միութեան նախագահ Եդուարդ Միլիտոնեանը նկատեց. «Թումանեանը գրապատմութեան մէջ եզակի է իր հաւաքական կերպարով: «Մենք պիտի ճանաչենք Թումանեանի բացած հունը՝ մեր ինքնութեան ձեւաւորման համար, շնորհակալ լինենք Թումանեանին, նրանով ճանաչենք մեզ»,- եզրափակեց նա:
Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման ամբիոնի վարիչ, «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, Փրոֆ. Սուրէն Դանիէլեանը իր «Թումանեանի «Անհունի» խորութիւնը» զեկուցման մէջ ընդգծեց. «Յովհ. Թումանեանի ողջ ստեղծագործութիւնը երկխօսութիւն էր ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ համայն աշխարհի հետ: Թումանեանն իր ապրած ժամանակաշրջանի ողբերգական հանգրուաններով ապրող իր ժողովրդի հետ էր: Թումանեանն իր ժողովրդի հետ է նաեւ այսօր: Արեւելքի իմաստուն ծերունիների նման` նա կանգնած է ողջ հասակով: Մենք դեռ պիտի սովորենք բանաստեղծի բարձրութիւնից նայել Աստծոյ ստեղծած աշխարհին»:
ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, դոցենտ Ծովինար Մովսիսեանը նախ փոխանցեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտօնակատար Սոնա Յովհաննիսեանի ողջոյնի խօսքը, ապա իր «Թումանեանը երաժշտութեան մէջ» զեկուցումով ընդգծեց, որ Թումանեանի ստեղծագործութեան հմայքն այնքան մեծ է, որ ոգեշնչել է ամենատարբեր ժանրերի ու ճաշակների արուեստագէտների, նա այն բացառիկ հեղինակներից է, որի բնագրերի հիման վրայ ամէնից շատ երաժշտական ստեղծագործութիւններն են գրուել: Անունների թուարկումն արդէն խօսուն փաստ է՝ Ալան Յովհաննէս, Սիրվարդ Գարամանուկ, Ալեքսանդր Սպենդիարեան, Տիգրան Մանսուրեան եւ այլք:
Կոնսերվատորիայի վոկալ-դասական ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուբէն Ասատրեանն իր «Թումանեանը երաժշտական բեմում. մեկնաբանութեան խնդիրներ» զեկուցման մէջ մասնաւորապէս ծանրացաւ Արմէն Տիգրանեանի «Անուշ», Ալեքսանդր Սպենդիարեանի «Ալմաստ» օպերաների, Եդուարդ Միրզոյեանի «Լոռեցի Սաքօ» սիմֆոնիկ ստեղծագործեան վրայ: Դէ իսկ օրուայ բացայայտումը հեռաւոր Եակուտիայում ապրած Հրանդ Գրիգորեանի անուան վկայակոչումն էր, որը համարւում է Եակուտիայի դասական երաժշտութեան հիմնադիրը, եւ որի 100-ամեակն է լրանում այս Մայիսին: Իսկ ամէնից անհաւանականը նրա ստեղծագործութիւնների ցանկում Թումանեանի «Տօնակատարութիւն լեռներում» օպերան է:
Զեկուցումներից յետոյ գեղարուեստական մասում Թումանեանից գրական գոհարներ ներկայացրին ասմունքողներ ՀՊՄՀ աշխատակից Գարունա Երանոսեանը եւ շրջանաւարտ Նարեկ Մարգարեանը:
Միջոցառումը եզրափակուեց ԵՊԿ դասախօս, ռեժիսոր Արսէն Ղազարեանի՝ «Անուշ» օպերայի բեմադրութեան առթիւ կոմիտասեան պատառիկների ընթերցումով եւ ԵՊԿ օպերային ստուդիայի սաների՝ «Անուշ» օպերայից հատուածների տպաւորիչ կատարումով:
Հանդիսութիւնն աւարտուեց սիրոյ սեղանով:
***
Եռօրեայ գիտաժողովի երկրորդ օրը սկսուեց բանաստեղծի ծննդավայր Դսեղ գիւղում: Այս անգամ ձայնի իրաւունքը բանասիրական բաժանմունքի ուսանողներինն էր: Նիստը բացեց Փրոֆ. Սուրէն Դանիէլեանը։
Գիտաժողովի մասնակիցներին ջերմութեամբ ողջունեց Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէն Ռոզա Ղազումեանը, որը մասնակիցներին հնարաւորութիւն էր տուել գիտաժողովի նիստն անցկացնել Թումանեանի ամարանոցային հիւրընկալ սենեակում:
***
Նիստից յետոյ պատուիրակութիւնը երեկոյեան հասաւ թումանեանական միւս հանգրուանը՝ Թբիլիսի։ Նրանց առաջնորդանիստ Ս. Գէորգ եկեղեցում ընդունեց եւ 1251-ին կառուցուած հոգեւոր եւ պատմամշակութային այս արժէքաւոր կառոյցի մասին հանգամանալից բացատրութիւններ տուեց եկեղեցու սպասաւոր Տէր Կիրակոս քահանան։ Այնուհետեւ եկեղեցու սեղանատանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն Եպս. Միրզախանեանը ընթրիքի սեղանի շուրջ հայրենիքից եկած խմբի հետ շահեկան զրոյց ունեցաւ հոգեւոր, կրթական, գրական-երաժշտական խնդիրների մասին՝ առանցքում պահելով վիրահայ համայնքի այսօրիկ հիմնահարցերը եւ, ի հարկէ, Յովհ. Թումանեանի յոբելեանի հետ կապուած յանձնառութիւնները։
***
Արդէն յաջորդ առաւօտ, Մայիսի 5-ին, Յովհ. Թումանեանի 150-ամեակին նուիրուած եռօրեայ գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց եւ ամփոփեց հայոց համար պատմական այս քաղաքի «Թումանեանի տուն» Գիտամշակութային Կենտրոնում, ուր նրանց ընդունեցին առաջնորդ Վազգէն Սրբազանը եւ Կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը, վիրահայ մտաւորականութեան ընտրանին կազմող բազմաթիւ հիւրեր, գրողներ, ուսուցիչներ, լրագրողներ։
Բացման խօսքում Փրոֆ. Սուրէն Դանիէլեանը նախ շնորհակալութիւն յայտնեց ՀՊՄՀ ռեկտոր, Փրոֆ. Ռուբէն Միրզախանեանին այս նախաձեռնութիւնը կեանքի կոչելու համար, ապա ջերմ ընդունելութեան եւ աջակցութեան համար` տանտէրերին: Ս. Դանիէլեանը նկատեց, որ այս հանդիպումով Թումանեանը այսօր եւս իր ներկայութեամբ միաւորում է Հայաստանում եւ Վրաստանում ապրող ու ստեղծագործող մտաւորականներին: Ապա Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի անունից խորհրդանշական` Սարոյի ու Անուշի դիմանկարը պատկերող նուէր յանձնեց Թումանեանի տանը:
Օրհնութեան խօսքում Վազգէն Եպս. Միրզախանեանը իրաւացիօրէն նկատեց, որ Թումանեանի մեծութիւնը անչափելի է: Թումանեանը նախ եւ առաջ մեզ սովորեցնում է, թէ ինչպիսին պէտք է լինի հայ մարդը, հայ քաղաքացին, հայ գրողը իր ժողովրդի համար: Նա հպարտութեամբ յաւելեց նաեւ, որ «Թումանեանի տուն» Կենտրոնը շարունակում է կամուրջ մնալ հայ եւ վրացի արուեստագէտների միջեւ, եւ դրա վկայութիւնն են վերջերս վրացերէնի թարգմանուած Թումանեանի տասը հէքեաթների, ինչպէս նաեւ շուտով ընթերցողների սեղանին դրուելիք «Յովհ. Թումանեանը Վրաստանի մասին եւ վրացիները Թումանեանի մասին» գրքերը:
Բանաստեղծ, Վրաստանի Հայ Գրողների «Վերնատուն» Միութեան նախագահ Ժորա Սնխչեանը «Թումանեանական նոր «Վերնատան» ստեղծումը» թեմայով իր զեկուցման մէջ ներկայացրեց կառոյցի ստեղծման հետաքրքիր եւ դժուարին պատմութիւնը, նրա կատարած հսկայածաւալ աշխատանքը: Նա հպարտութեամբ նշեց, որ «Վերնատուն»ը փորձում է մեր օրերում շարունակական պահել թումանեանական աւանդոյթը. այս տարիների ընթացքում հրատարակել է շուրջ 11 տարեգիրք, բացել է «Գրական ծիլեր» մանկապատանեկան ակումբը, որի նպատակն է թեւաւորել շնորհալի ստեղծագործողներին` ապահովելով վիրահայ սերունդների յաջորդականութիւնը:
«Յովհաննէս Թումանեանը Պարոյր Սեւակի գնահատմամբ» զեկուցման մէջ Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի փրոֆեսոր Մարտին Գիլաւեանը բացեց Թումանեան-Սեւակ առնչութիւնները: Բանասիրական բաժանմունքի դեկան, դոցենտ Աշոտ Գալստեանը հանդէս եկաւ «Յովհաննէս Թումանեանը ժամանակակիցների յուշերում. կառուցուածք եւ լեզու» հետաքրքրական զեկուցումով: ՀՊՄՀ Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի դոցենտ Լուսինէ Գալստեանը «Յովհ. Թումանեանի «Հին կռիւը» պոէմը» զեկուցման մէջ երեւան բերեց պոէմի ստեղծման դրդապատճառները, պոէմի ձեռագրերի կորուստի ցաւալի փաստը, արեւմտահայութեան հարցի վերհանումը:
«Թումանեանի գրաքննադատութեան շուրջ» թեմայով զեկուցման մէջ նոյն ամբիոնի դոցենտ Նաիրա Խաչատրեանը ընդգծեց, որ իր հրապարակախօսական էջերում Թումանեանը գեղարուեստական պատկերաւորման հարուստ միջոցներով ոչ միայն ներկայացնում է հասարակական-քաղաքական կեանքի որոշակի խնդիրներ, այլեւ առաջ է քաշում գրական-փիլիսոփայական հարցադրումներ:
«Թումանեանը եւ Վրաստանը» նիւթի շուրջ ծանրացաւ «Հայկական Գիտահետազօտական ասոցիացիա Վրաստանում» ՀԿ նախագահ, Փրոֆ. Էմմա Ախտեանը: «Թումանեանի տուն» Կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը ներկայացրեց Յովհ. Թումանեանի թբիլիսեան տան պատմութիւնը: Նա նշեց, որ Թումանեանների ընտանիքը այդ տանը բնակուել է 1909-ից, սակայն կարճ ժամանակում այն դարձել է գրական, հասարակական, քաղաքական օջախ ոչ միայն հայերի համար, այլեւ Անդրկովկասի ողջ մտաւորականութեան կենտրոնատեղի: Խորհրդային կարգերի հաստատումից յետոյ Թբիլիսիի քաղաքային իշխանութիւնը այդ տունը նուիրել է Թումանեաններին. սա անշուշտ խօսում է այն պատկառանքի մասին, որ ունեցել են Վրաստանում ամենայն հայոց բանաստեղծի նկատմամբ: 1930-ական թթ., սակայն, Թումանեանի ժառանգները ծանր փորձութիւնների առջեւ են կանգնել. սկզբից կիսուել է տունը, ապա աւելի ուշ՝ 1990-ականներին դրա մի մասը վերածուել է քաղաքային գրադարանի: 1953 թ. Թումանեանի կնոջ՝ Օլգա Մաճկալեանի նախաձեռնութեամբ Երեւանում բացուել է Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանը, եւ Թբիլիսիի բնակարանից ողջ գոյքը եւ գրադարանը փոխադրուել են Երեւան: Վերջին տարիներին թբիլիսեան բնակարանի գոյութիւնը նորից վտանգուած էր, սակայն Վիրահայոց առաջնորդ Վազգէն Եպս. Միրզախանեանի, ինչպէս նաեւ Հայաստանի Գրողների միութեան երջանկայիշատակ նախագահ Լեւոն Անանեանի եւ թբիլիսահայութեան ջանքերով տունը կրկին լցուել է թումանեանական շնչով:
«Յովհ. Թումանեանը՝ հայ-վրացական բարեկամութեան ոսկէ օղակ» զեկուցմամբ հանդէս եկաւ Վրաստանի Մշակոյթի, Կրթութեան, Գիտութեան եւ Սպորտի նախարարութեան աշխատակից Կարինէ Մանուկեանը: Վրաստանը, յիրաւի, դարձել է բանաստեղծի երկրորդ հայրենիքը, որին նա շարունակաբար սիրոյ եւ ջերմութեան խօսքեր է յղել: Դրա վկայութիւններն են «Յիշողութիւն», «Վրաստանի մասին», «Վրաստանի պոէտներին», «Նուէր Վրաստանի բանաստեղծներին» եւ այլ գործեր: Իսկ վրացի քնարերգու Տ. Տաբիձէն Թումանեանին է ձօնել «Պոէտների երազանքը» բանաստեղծութիւնը:
Զեկուցումների բաժինը եզրափակեց Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամեանը` «Գրական հարցադրումները Թումանեանի նամակներում. մի քանի նկատառում» նիւթով, որտեղ առանձին ենթակէտերով շեշտադրեց այն ստեղծագործական փոխանցումները, տեսաբանական եզրայանգումները, որոնք երեւան են գալիս հեղինակի նամակագրութեան մէջ եւ առանձին քննութեան չեն ենթարկուել:
Անակնկալները, սակայն, առջեւում էին: Գիսանէ Յովսէփեանը իր տպաւորիչ խօսքում նկատեց, որ այս այցելութեամբ եւ գիտաժողովով ամբողջացաւ Թումանեանի տան գիտամշակութային անուան գիտական բաղադրիչը, ինչի համար իրենց շնորհակալութիւնը սրտաբուխ է:
Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն Սրբազանը «Յովհաննէս Թումանեան» մեդալով պարգեւատրեց իր ուսուցչին՝ Սուրէն Դանիէլեանին: Վերջինս, չկարողանալով թաքցնել յուզմունքը, նշեց, որ պարգեւատրուել է հայ ամէնից մեծանուն բանաստեղծի անուան մեդալով, որը մեծագոյն պատիւ է եւ առ այսօր իր ստացած ամենաթանկ պարգեւը:
Գիտաժողովի աւարտից յետոյ մասնակիցները այցելեցին Խոջիվանքի պանթէոն եւ Մանկավարժական համալսարանի անունից ծաղկեպսակ դրեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի շիրմին, իսկ ուշ երեկոյեան, տպաւորութիւններով ծանրաբեռ, վերադարձան Երեւան:
«Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն