ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Համահայկական խաղերի պատուիրակութիւնը յատուկ առաքելութեամբ մեկնել է Արևմտեան Հայաստան՝ պատմական Կիլիկիայի տարածք: Մուսալեռան ստորոտում՝ Վագըֆ գիւղի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշեանի ձեռամբ նախ պատարագ է մատուցուել` Համահայկական խաղերի յաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա, եկեղեցու վառուող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիւը վերապահուել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալպէր Պօյաճեանին:
Ինչպէս «Արմէնփրէս»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի կազմկոմիտէից, ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյեանի կարծիքով՝ այս արարողութիւնը մէկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հաւաքական միտքն ուղղուած է լինելու հայրենիքի միասնութեան միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
Վառուած կրակը Մուսալեռան գագաթ հասցնելու իւրատեսակ յաղթարշաւի բոլոր այլ մանրամասները կը ցուցադրուեն Համահայկական խաղերի բացման արարողութեան ժամանակ: ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջեանը ջահի վառման և տեղի ունեցած իրադարձութեան վերաբերեալ ասել է. «Բախտ ունեցանք այսօր, այս սերնդի մարդիկ, որ տեսանք ջահի վառման հանդիսաւոր արարողութիւնը: Այս սերունդը տէրն է այս գործի և հայապահպանման այս պահի»:
Համահայկական խաղերի պատուիրակութիւնն այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագաւորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:
Համահայկական 7-րդ խաղերն այս տարի կը կայանան Օգոստոսին: Բացման արարողութիւնը տեղի կ՚ունենայ Ստեփանակերտում` Օգոստոսի 6-ին: