ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ ԿՈՂՄԷ ԼՈՅՍԻՆ ԵԿԱԾ 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ «ՅՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՅՐԵՐՈՒՆ»

ՄԱՐԻԱՄ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-           Դարձեալ հայրենի եզերքի ու իր պապերի արեան կանչով, Հայաստանում է հալէպահայ, ամերիկաբնակ գրող, գրականագէտ-մատենագէտ, թարգմանիչ, հրապարակագիր-խմբագիր, բարերար, Հայաստանի եւ Արցախի գրողների միութիւնների անդամ, ազգային-հասարակական գործիչ Յովսէփ Նալպանտեանը:

            Այս թուարկումները, պատկերացրէք, բացարձակ իրականութիւն են: Եւ, ի հարկէ, ազգանուէր գործ անելու համար կարեւոր չէ, թէ մարդը որտեղ է ապրում:

            Ապրել Ամերիկայում եւ լինել ու մնալ այդքան հայ, երեւի քչերին է յաջողւում: Յովսէփի իւրաքանչիւր այցելութիւն Մայր Երկիր վերածւում է հայ գրքի եւ գրատպութեան մի իւրօրինակ տօնի: Իւրաքանչիւր այցելութիւնից յետոյ երեւի շատերն են հարց տալիս իրենք իրենց՝ իսկ դու ի՞նչ ես արել հայ գրքի, մայրենի լեզուի տարածման գործում:

         Եթէ Ամերիկայում՝ անվերջ գրում է եւ աշխատում, պեղում ու հաւաքում վաղուց մոռցուած կամ չմոռցուած հեղինակների գործեր, ողջ էութեամբ, կարծես ի վերուստ յանձնարարութիւն ստացած, անցնում է հերթական ու հերթական նոր գրքի ստեղծման սուրբ գործին:

            Վերջերս անծանօթներից մէկը, առաջին անգամ համացանցի միջոցով ծանօթանալով նրա գրական գործունէութեանը, կարդում է, որ միայն 19 տարուայ ընթացքում Յ. Նալպանտեանը գրել, խմբագրել, կազմել եւ հրատարակել է 22 գիրք:

            Գուցէ շատերին անհաւանական թուայ ասածս, բայց Յ. Նալպանտեանը հայ գիրն ու գրականութիւնը տարածելու համար ներդրել եւ ներդնում է իր ողջ կարողութիւնը: Նրան ճանաչողները գիտեն, որ դատարկաձեռն երբեք չի գալիս Հայաստան: Այս անգամ Յովսէփ Նալպանտեանի նուէրը մեր հանրութեանը  «Յուշարձան  մայրերուն» գիրքն է (Երեւան, Ապրիլ 2019, 350 հեղինակ, 543 էջ): Գիրք, որը մի իւրօրինակ Ձօն է բոլոր մայրերին: Ի դէպ, երջանիկ զուգադիպութեամբ, այս օրերին հեղինակի մայրը՝ Անայիս Պարսումեան-Նալպանտեանը նշում է իր ծննդեան 90-ամեակը: Այս գիրքը, ըստ հեղինակի մատենաշարի 42-րդն է: «Յուշարձան մայրերուն»ը, ի դէմս Անայիս մայրիկի, բոլոր հայ մայրերի մասին է, ձօն է ու մայրերգութիւն…:

            Եւ պարզւում է՝ պատահական չէ, որ Յովսէփն այդքան նուիրուած է հայ գրականութեանն ու հայ գրքի տպագրութեանը, լեզուի պաշտամունքին: Այդ սէրը նրան անցել է մօրից, մի կնոջից, որն, ապրելով Հայաստանից հեռու՝ օտար ափերում, իր զաւակներին սեփական արեան կանչով ու մայրական դաստիարակութեամբ հայ է պահել, հայ դաստիարակել ու ներշնչել սէր հայ գիր ու գրականութեան հանդէպ: Հայրը նոյնպէս, նա կեանքի 49 տարին Հալէպում նուիրուել է տպագրական գործին, նաեւ ազգային գործիչ է եղել: Իսկ մայրը՝ Տիկին Անայիսը, ողջ կեանքում զբաղուել է հայապահպանութեան ազգանուէր գործով: Նրա ջանքերով բազմաթիւ որբեր անվճար կրթութիւն են ստացել հայկական դպրոցում, կրթուել ու դաստիարակուել հայի ոգով: Այսօր էլ Յ. Նալպանտեանի ականջին շարունակ հնչում է մօր խօսքը, որը նա մանկութեան օրերին է լսել. «Այսօր ալ կրցանք քանի մը երեխայ փրկել, մեր դպրոցը պիտի յաճախեն անվճար»: Պարզ է դառնում, որ ոչ մի պատահական բան չի լինում կեանքում: Այն, ինչ անում է Յովսէփը, այդ ամէնի ծիլերը ջրել ու արեւին են տուել նրա ծնողները: Մօր սրտի խօսքը, ծնողների փափաքն է այսօր իրագործում Յ. Նալպանտեանը:

            Գրքի մեծ մասը չափածոյ ստեղծագործութիւններ են, իսկ միւս մասը՝ արձակ:

            Արձակ ստեղծագործութիւնների բաժնում զետեղուած է նաեւ հեղինակի արձակ խօսքը Անայիս մայրիկի մասին եւ վերնագրուած է հէնց մօր խօսքով «Վնաս չունի տղա՛ս»: Վերնագիրն արդէն ամէն բան ասում է ու խօսում մօր եւ նրա տուած դաստիարակութեան մասին: Ստեղծագործութեան շարունակութիւնն ընթերցելիս պարզ է դառնում, որ ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, սէրը հայերէնի հան-դէպ մօր կաթի հետ է անցել Յովսէփ Նալպանտեանին…

            Միայն վերջին այցելութեան ժամանակ՝ ընդամէնը 20 օրուայ ընթացքում, Մայր Հայաստանում եւ Արցախում այցելել եւ ելոյթներ է ունեցել 7 դպրոցներում եւ չորս տարբեր համալսարաններում: Հասել է Արցախի սահմանամերձ Մատաղիս գիւղ, այցելել գիւղի զոհուած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել նրանց, զրուցել հայ մամիկների հետ եւ իր որդիական ջերմութիւնը փոխանցել բոլորին:

            Հասել է մինչեւ Ահնիձոր, եղել է Հրանդ Մաթեւոսեանի տանը եւ նրա անունը կրող դպրոցում: Եղել է Վանաձորում, ապրել է Լեռնապատ գիւղում եւ Գիւմրիում:

            Հանդիպել է քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Ունեցել է հեռուստաելոյթներ եւ ռատիօելոյթներ Ստեփանակերտում եւ Երեւանում: Իր նոր հատորի համար կազմակերպել է երեք շնորհանդէս, մասնակցել է իր մատենաշարով հրատարակուած երեք այլ գրքերի շնորհանդէսների: Շուրջ երեք հարիւր գիրք է նուիրել իր տարբեր հատորներից:

            Ահա այսպիսին է օտար ափերում ծնուած, օտար ափերում բնակուող, բայց ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ համար ապրող իւրայատուկ ՀԱՅԸ:

Երեւան, 15 Մայիս 2019

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *