ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԷՈՆԻ ԱՐԱՐԱՅԻ ԳՐՈՀԸ

Արարայի 100-ամեակին առիթով

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Շար. Նոյեմբեր 15 թիւէն եւ վերջ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Պատիւ Մուսալեռցի լեռնականներին, որոնք յաղթական կռուից եկած իրենց սուրը պատեան չդրին, ասացին թշնամու դէմ իրենց կռիւը դեռ չի վերջացել, զինէ’ք մեզ, տարէ’ք կռուի այնտեղ որտեղ դուք տանուլ էք տուել ձեր կռիւը։

1918 թուականի Սեպտեմբերի 19-ի առաւօտը, արեգակը իր արդար լոյսի շողերի վարսերով ցօղում խրամատները, որոտում էին թնդանօթները, ծխում էր Արարայի բարձունքը,  ֆրանսացի սպայ Ռոմիոն, ատրճանակը վեր պարզած կրակում էր, «Առաջ» կանչի հետ լեգէոնական մարտիկները խրամատներից դուրս թռել: Գրո՞հ… թէ՞արեգակի շողերին բազմած՝ սլացել դէպի հանդիպակաց բարձունքները: Հրացաններից կրակ ժայթքում, արեւին թիկնած սուինները իրենց կրակալոյս նետերն էին տեղում թշնամու դիրքերին: Գրոհում էին քաջացած լեգէոնականները, Նեմեսիս Դիցուհին՝ վրէժի ոգու հուր ծորում նրանց սրտերին: Անդադրում շարունակում էին իրենց գրոհը դէպի բարձունքի խրամատներ, թշնամին անզօր եղել մարելու արեւի աստուած Միհրի հետ հայ զինուորի դէպի բարձունք գրոհը, իզուր էր թշնամու զէնքերի գնդակների տեղատարափով կասեցնելու այն:  Գերման հրամանատարը ասել էր, որ նման գրոհողները միայն հայերը կարող էին լինել:

Արեգակը դեռ իր կարմիր պատմուճանը չփռած լեգէոնականների զարկերի կրակով շառագունած Արարայի բարձունքների թշնամու խրամատների վրայ, լեգէոնականների վաշտերը թշնամու առաջին խրամատներում էին, արեւի կրակը փունջ-փունջ նետում ձեռքերը վեր պարզած թշնամու վրայ: Ով կարող էր փախչում էր, վարսերը ճակատներին իջած լեգէոնականները վիրաւոր կորիւնների նման գնում փակում նրանց փախուստի ուղիները: Ահա այդպէս կը լինէր կռիւը, մարտում զարկին թշնամու զինուորին, մարեցին շատերի լոյսը, քէսապցի Քերոբը խոյացել էր գերման սպայի վրայ, խեղդամահ արել նրան, նա ի՜նչ էր փնտռում այս լեռներում եւ ինչու զինակցել նրանց: Կռւում զարնուել էին 23 լեգէոնականներ, որոնցից Սարգիս Տլլիկեան ու Միսաք Թասլաքեան Մուսալեռցիներ, վիրաւորուել էին 76 մարտիկներ: Վրէժի լոյսին բազմած գնդակները զարկել էին հազար ու աւելի թուրքի, գերեվարել էին հազարների, որոնք գլխիկոր անցել լեգէոնականների խաչաձեւուած հրացանների սուինների տակից:

Հայկական լեգէոնի Արարայի ճակատամարտի յաղթանակը մեծապէս նպաստել թուրքական ռազմաճակատի քայքայման եւ դաշնակիցների ընդհանուր յաջողութեանը: Նրա դերը այդ ճակատամարտում այնքան նշանակելի էր, որ  զարնուած լեգէոնականների թաղմանը մասնակցել էր ռազմաճակատի ընդհանուր հրամանատար՝ անգլիացի զօրավար Ալէմպին, որը բոցաշունչ մահախօսականից յետոյ համբուրել զարնուածների ճակատները, յայտարարել՝ «Անգլիական 200 հազար բանակի փոխարէն՝ իմ հրանատարութեան տակ դնէին 20 հազար հայ զինուորներ, Միջին Արեւելքը կը գրաւէի»։

***

Թուրքի նախագահ Տէմիրել, Յորդանան կատարած կառավարական այցելութեան ատեն՝ խնդրել էր Պաղեստինի Նապլուս քաղաք այցելել, նրա մօտակայքում թաղուած թուրք զինուորների շիրիմներին յարգանքի տուրք մատուցելու: Հայկական մամուլը այն հաղորդելու ատեն, չէր յիշատակել, թէ այդ ինչ շիրիմների այցելութեան մասին էր լրատուութիւնը, որպէսզի հայեր տեղեկանային Նապլուս–Արարայի բարձունքներին մղուած ճակատամարտում hայ լեգէոնական կամաւորների վրէժի նետերով խոցուած թուրք զինուորների շիրիմների մասին էր, այն հայոց պատմութեան յիշատակութեան արժանի բազում հերոսամարտերից մէկն էր, իրենց ցեղի եղեռնի տարիներին Արարայում ու Սարդարապատում թուրքի դէմ մղուած կռւում յաղթանակի լոյսի շեփոր էր:

Իսկ ո՞վ էր Տիրան Թէքէեանը: Նա զարմիկն էր հայ քնարերգութեան ամենապայծառ աստղերից մէկի՝ Վահան Թէքէեանի: Տիրան ծնուած էր 1887 թուականին, Ֆրանսա, Մարսէյլ քաղաքում, կեսարացի ծնողների զաւակ: Ուսանել էր Վենետիկի Մխիթարեանների մօտ: Ուսանել ու աւարտել Մարսէյլի համալսարանի գրականութեան, իրաւաբանութեան բաժինների ուսումնառութեան դասընթացները: Առաջին Համաշխարհային պատերազմում ծառայել ֆրանսական նաւատորմիղում որպէս թարգման քոմիսէր:  Ծառայութեան ուղարկուել «Տեսէքս» զրահանաւ: Միջերկրական ծովի առափնեայ պարեկութեան համար այն նաւարկել էր Հայոց ծովածոցի խռովայոյզ ջրերում: Այդտեղ էր, որ նախախնամութիւնը պարգեւել իր ցեղի կանչով բաբախող սիրտը ալեկոծուելու հայու ծիների ոգիով, նպաստելու Մուսալերան մարտիկների ու նրանց ընտանիքների փրկութեանը:

Տիրանի սիրտը ամուր շաղախուել էր Մուսալեռցիների, նրանց հերոսամարտի ու  Հայկական  լեգէոնի քաջերի պատմութեամբ: Ծովային սպայ Տիրանը, իր ծառայած զրահանաւի կամրջակից դիտել ծովափի քարափի բարձունքին խոյացած՝ Նազովրեցու արեամբ բոցավառ կարմիր խաչով ու իրենց ազատութեան կռուի սպիտակ լոյսով ծփացող դրօշակները: Լեռնականների պատուիրակները կանգնել էին հայ ծովային սպայի դիմաց, սրտերն իրենց տրոփել էին ցեղի կանչի զարկերով: Իր ջանքերով նպաստել նրանց փրկութեանը, փրկութեան հովիտում հանդիպել լերան կռուի քաջերից՝ Եսայի Եաղուպեանի հետ: Եգիպտոսում՝ Հայկական  լեգէոնի ստեղծման թելադրողը ու  մասնակիցը պիտի լինէր:

***

Հայկական լեգէոնի մարտիկները ֆրանսական զօրախմբի հետ արշաւում դէպի Կիլիկիա, զէնքով բացելու նրա դռները, ողջունելու իրենց նախնիների թագաւորութեան աշխարհը, վերջապէս տեսնելու իրենց Կիլիկիան, ողջագուրուելու իրենց դիմաւորող ազնուազարմ թագաւորների ստուերների հետ: Իրականացրել երկու հարիւր յիսուն քիլոմեթր յաղթարշաւ:

1918 թուականի Հոկտեմբեր ամսին Հայկական լեգէոնի ջոկատները մուտք էին գործում Կիլիկիա, հայերի խոնջանքի, արարման, երգի, աղօթքի շունչով սրբացած հող: Մարտից եկած քաջեր, վճռել էին լինելու Հայկական պետութեան բանակի կորիզը: Հայրենազրկուած հայեր վերադառնում էին իրենց շէներ, նորոգում իրենց տներ, այգիներ ու հանդեր, պատրաստւում գարնանամուտի զարթօնքին: Լեգէոնի գնդապետ Պրէմոն ներկայանում որպէս Կիլիկիայի կառավարիչ, առժամեայ կառավարելու երկիրը, ապա իշխանութիւնը յանձնէր հայերին: Լեգէոնը մարտերով գնում երկրի աւաններ ու շէներ: Ով երեւակայութեան թռիչք ունէր գոցում աչքերը, սաւառնում երկինք, այնտեղ հանդիպում՝ Ֆրանսայի իր մատուռից երկիր հասած Լուսինեան Լեւոն վեցերորդ թագաւորին, գրկէր նրան, երկնքից աստղեր պոկէր, զարդարէր նրա ճակատը: Արարայի բարձունքի երկնքում ճախրող  կռունկներ իրենց երթին հասել Կիլիկիայի կապոյտ երկինք, երգով տողանցել նրա երկնակամարում, ուրախ խապրիկներ պիտի տանէին պանդխտացած հայերին, որ նորէն իրենց երկրի շէների ծխաններից սպիտակ ծուխ է բարձրանում, դաշտերում ծիածանի լոյս է, մաճկալների հորովէլների երգեր:                                                                                                      Ռազմի դաշտում պարտուած Թուրքիային՝ այդ հիւանդ հոգիով բարբարոս պետութիւնը սիրաշահելու համար, Ֆրանսայի ու Անգլիայի միջեւ պայքար էր: Լեգէոնի քաջեր, հայեր միայն մի քանի տարիներ իրենց յաղթանակի սիրով հրճուեցան: Ֆրանսական նոյն սպաները, ականատեսը հայերի լեգէոնի սխրանքին, կամայական վերաբերմունքի ենթարկեցին կամաւորականներին: Ֆրանսացի պետական այրեր, զինուորականներ տեղեակ չէի՞ն, որ այդ երկրում թագաւորել էր իրենց տոհմից Լուսինեան Լեւոնը, որ նա հանգչում է իրենց հողում, եւ ինչո՞ւ նոյն Կիլիկիայում չվերականգնուէր նրա իշխանութիւնը: Ինչքա՜ն հզօր էին իրենց շահերը, որ թշնամուն զիջեցին այն, որ զէնքի ուժով էին նուաճել: Մոռացա՞ն, որ իրենց կնքած գրաւոր համաձայնագրով խոստացուել էր յաղթանակից յետոյ Կիլիկիայում հաստատել ֆրանսական հովանաւորութեամբ անկախ իշխանութիւն:  Ֆրանսական կառավարութիւնը թուրքերի հետ 1920 թուականի Օգոստոսի տասին կնքած դաշնագրով որոշել էր հայկական արեան մաքառումներով շաղախուած Կիլիկիան յանձնել քեմալական ոճրագործ Թուրքիային:

Չանսացին իրենց երկրի իմաստուն զաւակների ու իրենց դաշնակից հայերի կոչերին: Վար իջաւ ֆրանսական յաղթական դրօշի փառքի պատիւը,  մարդկային վեհ գաղափարների պաշտամունքը: Ֆրանսական զինուորական հրամանատարութիւնը սկսել զօրացրել Հայկական լեգէոնի մարտիկներին: Զգաստացել էին իրենց ոստաններ վերադարձած հայերը, այլեւս ոչ կարաւաններին, զէնք վերցրել կռիւ տալու թշնամի թուրքին: Հնչակեան, Դաշնակցական, Ռամկավար, Վերակազմեալ հնչակեան կուսակցութիւններ գլխաւորել պաշտպանական մարտեր, զարկին թշնամուն, զարկուեցին, սակայն ասացին ոչ կարաւաններին: Ինքնապաշտպանական կռիւներ մղեցին՝ Մարաշի, Հաճընի, Ուրֆայի, Ատանայի, Այնթապի, Զէյթունի, Ֆընտըճաղի, Տէօրթ Եօլի, Մերսինի ու այլ բնակավայրերի զինուած հայեր, նրանց կռուին նաեւ մասնակցում Հայկական լեգէոնի կամաւորական մարտիկներ:  

 Ահա այդպէս, եթէ իրենց շէներում կռիւ տային թուրքին, չէին մարտիրոսանայ, «Արեւմտեան Հայաստան»-ը նորէն լիքը կը լինէր հայերով: Ֆրանսացի զինուորը չմասնակցեց հայերի պաշտպանական մարտերին, նոյնիսկ արգելել լեգէոնականներին մասնակցելու հայերի կռուին: Կիլիկիայի նուաճման ու պաշտպանական կռիւներին զարնուել էին Մուսալեռցի քաջազուն լեգէոնականներ՝ Յակոբ Կրպոյեանը, Խաչեր Փանոսեանը եւ Մոսալերան կռուի քաջերից՝ Պետրոս Տըմլաքեանը: Այդ նա էր, բաց ծովում խարսխած «Կիշէն» զրահանաւի հրամանատար Պրիսոնի պահանջով, նաւ բարձրացել՝ ֆրանսերէն լեզուով տեղեկութիւններ հաղորդել լերան մարտերի ու թշնամու զօրքի տեղաշարժերի մասին, իր պահանջով զրահանաւից ռմբահարել էին Քէպուսիէ գիւղի եկեղեցին, ու այնտեղ ճամբար դրած թրքական զօրքը: Պետրոսն էր եղել վեց «Գունտախլի» հրացանակիրներից մէկը, ռազմանաւի հրամանատարը նրան ու Եսայի Եաղուպեանին արտօնել յետագայում այդ զէնքերը կրելու: Եաղուպեանի զէնքի առանձին կազմածները՝ ակնաբոյժ Ճէպէճեանի անձնական ջանքերի շնորհիւ փոխադրուել Հայաստան, այն ամբողջացնելով յանձնուէր Հայաստանի Պետական Թանգարան: Ի միջի այլոց, լերան կռուի բոլոր զէնքերը վերցրել էին կռուողներից յետագային ի պահ դրուել Մարսէյլ քաղաքի թանգարան: Ըստ Կապորալ Արմենակ Պօղոս Լագիսեանի պատմածի, Տըմլաքեան Կիլիկիայի նուաճման կռւում իր կողքին ճակատին զարնուել թուրքի գնդակից:

Հայկական Լեգէոնի Կիլիկիա մուտքը, ինքնավար իշխանութեան վերականգման յոյսը խանդավառ հրավառութիւն էր ստեղծել: Կարծում էին հայոց երկնակամարում նորէն կապոյտ լոյս էր բռնկելու, արեգակի արծաթափայլ նոր արշալոյս էր ծագելու երկրում: Դաշնակիցները Սեւրում պատռել էին թուրքի քարտէսը, նրանց իսկ ստորագրութեամբ համաձայնել վերադարձնել հայերին, յոյներին, արաբներին այն, ինչ որ զաւթել էին նրանցից: Դաշնակից տէրութիւններին կատարուած իրողութեան իրազեկ պահելու նպատակով Կիլիկիայի հայերը ու միւս քրիստոնեայ համայնքները հանրագրութիւն էին Փարիզ ուղարկել, որ Կիլիկիայում ստեղծւում է անկախ պետութիւն, Պօղոս Նուպար Փաշայի գործուղած պատուիրակ Միհրան Տամատեանի վարչապետութեամբ կազմուել երեք կուսակցութիւնների համաձայնողական կառավարութիւն: Նոյնինքն՝ Գնդապետ Պրեմոն յայտարարած եղել, որ իրենց հովանաւորութեամբ Կիլիկիայում անկախ պետութիւն պիտի հռչակուէր, նոյն օրը սուինաւոր ալճիրցի զինուորների ուղեկցութեամբ փութացել Ատանա, սպառնագին դուրս հրաւիրել միօրեայ կառավարութեան անդամներին, այդ լինելո՞ւ արարմունք էր…:

            Հայոց պատմութեան մատեանում շանթի լոյսի փայլատակում, աստղերին սլացող հրթիռի հրավառութիւն եղաւ Կիլիկիայում անկախ իշխանութեան հռչակումը: Այն մնաց լոյսի, յոյսի շող, հայերի հոգիներում լոյսի հրացոլք, այդ նոր երջանկութեան արեւը ասուպի նման շիջաւ… Ֆրանսան մարեց այդ նոր ծագող արեւը, իրենց նախնիների ժառանգների լոյսը նաեւ պիտի վառուէր այդ երկրի պալատին ծածանուող դրօշին, Լուսինեան տոհմի ժառանգներ դեռ ապրում են իրենց մայր հայրենիք Ֆրասա, ո՜ւր են նրանք, ինչու չեն պատռում իրենց լռութեան քօղը:

 

Կլենտէյլ, Հոկտեմբեր 2018                                                   

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *