Կուսակցութիւնները Հայաստանում և յարաբերական ընտրակարգի բացասական կողմերը

Պէտք ունենք իրար հետ մրցակցող և պատասխանատու երկու կուսակցութիւնների 

ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ

Նկատի առնելով ներկայիս Հայաստանում բազմաթիւ և բազմապիսի կուսակցութիւնների առկայութիւնը և դեռ դրանց ստեղծման ընթացքը, նախատեսուող խորհրդարանական ընտրութիւնները, և այնտեղ մուտք գործած մի շարք կուսակցութիւնների բարձր թիւը, միանգամից մեր դէմ են ուրուագծւում ու ծառանում, դրամատիկ իրավիճակներ ու մի քանի հարցեր, տարբեր անյայտներով: Նման արտառոց երևոյթի փաստը Երևանի Աւագանու ընտրութիւններին մասնակցող 12 կուսակցութիւնների և խմբակցութիւնների թիւն է:

Մի՞թէ նման կացութիւնը, որը երևի եզակի է աշխարհում, չի մտահոգում իրենց յայտարարմամբ ժողովրդավար և ազատական կուսակցութիւնների ղեկավարներին, որոնք բոլորն էլ ըստ իրենց կանոնադրութեան, պաշտպանելու են ելած հայ ժողովրդի և երկրի պետականութեան շահերը:

Թաւշեայ յեղափոխութեան յաղթանակի ոգևորութիւնից մղուելով, ազատ, անկաշկանդ քաղաքական դաշտ մտնելը, խմբաւորումներ, կուսակցութիւններ ստեղծելը, որոշների համար դարձել է օրակարգի հարց, իսկ դա իր մէջ լուրջ վտանգ է պարունակում և մտահոգութեան տեղիք է տալիս: Որովհետև եղած՝ յարաբերական ընտրակարգի պատճառով, հնարաւոր է, որ մի շարք փոքր կուսակցութիւններին կը յաջողուի խորհրդարան մտնել, իսկ դա նշանակում է, որ ապագայում երկրի կառավարումը շատ դժուար է դառնալու, որովհետև այլ երկրների փորձը ցոյց է տուել, որ որքան տուեալ երկրի խորհրդարանում շատ կուսակցութիւններ են ներկայացուած, ապա այնքան աւելի դժուար է դառնում, որևէ կոալիցիոն կառավարութեան ստեղծումը, և եթէ այնուամենայնիւ մի քանի կուսակցութիւններին յաջողւում է կոալիցիոն ստեղծել, ապա այն դառնում է ոչ կայուն և իւրաքանչիւր օրէնքի ընդունումը դառնում է տեղատուութիւնների, քաշքշուկների, ձգձգումների գործընթացք: Երբեմն վարչապետը ստիպուած է լինում հրաժարական տալ և եթէ նոր կոալիցիոն չի ստեղծւում, ապա պաշտօնակատար վարչապետը ստիպուած է լինում նոր՝ արտահերթ ընտրութիւններ նշանակել, իսկ խորհրդարանի նման իրավիճակը և իշխանութեան ոչ կայուն պարագան, իր բացասական ազդեցութիւնն է ունենում թէ՛ երկրի պաշտպանողականութեան և թէ՛ տնտեսական զարգացման վրայ:

Այդ պատճառով էլ հանրութեան մօտ օրինական հարց է առաջանում. ինչո՞ւ այդքան բազմազան կուսակցութիւնների թիւ Հայաստանում, որոնք երբեմն իրենց կանոնադրութեան և ծրագրերի համահնչուն լինելու պատճառով, շատ քիչ են իրարից տարբերւում, մանաւանդ, որ բոլորի մօտ էլ պակասում է գաղափարախօսութիւնը: Շատ գեղեցիկ խօսքերով կարելի է ծրագրեր մշակել, բայց ինչն է դրանց գաղափարախօսութեան հիմքը և ինչպէս են նրանք ցանկանում իրենց ծրագրերի գործադրման հասնել, դա գրուած է աստղերի մէջ:

Թուարկենք, «Հայ ազգային քոնկրէս», «Երկիր Ծիրանի», «Բարգաւաճ Հայաստան», «Ժառանգութիւն», «Ելք խմբակցութիւն», «ՀՀԿ», կամ «Հանրապետական» և այլ կուսակցութիւնների կանոնադրութիւն ծրագրերը նոյն անորոշութիւնն են, ասես իրարից արտագրած: Իրօք որ զարմանալի է, ապշեցուցիչ, ամէն մի ղեկավար ցանկանում է իր կուսակցութիւնը ոնենալ, Լևոն Տէր Պետրոսեանից սկսած, ներառեալ Ռաֆֆի Յովհաննիսեան, Գակիկ Ծառուկեան, Զարուհի Բոստանչեան, Ժիրայր Սեֆիլեան և ուրիշներ: Վերջերս կուսակցութիւն ստեղծելու իր մտադրութիւնն է յայտնել նաև Լևոն Շիրինեանը, մի քանի ազատամարտիկներ, երևի յայտ կը ներկայացնեն նաև ուրիշներ, ոչ ոք, ոչ մի անձ չի ցանկանում ետ մնալ այդ դէպի զառիթափ տանող վազքից…

Բայց չէ որ այսօր բարեբախտաբար, յանձին Նիկոլ Փաշինեանի, մենք ունենք մի իշխանութեան ղեկավար, պաշտօնով մի վարչապետ, ով վայելում է համայն աշխարհի, ըստ իս, ոչ միայն հայութեան համակրանքը և վստահութիւնը: Կարելի է անվարան ասել, որպէս երկրի ղեկավար, որպէս քաղաքական գործիչ, նա իր թափանցիկ, ժողովրդամօտ, խելացի և անսխալ վարած թէ՛ ներքին և թէ՛ արտաքին քաղաքականութեամբ, նոյնիսկ համաշխարհաին մասշտաբով առանձնայատկութիւն է և նոր որակ է հաղորդում այդ պաշտօնին: Բոլորս վկան ենք եղել նրա այցելութիւններին Ռուսաստանի Դաշնութիւն, Վրաստան, Բրիւսէլ և թէ նա ինչպէս Գերմանիայի կանցլէր՝ Մերկելին Երևան ընդունեց: Երևի մենք բոլորս որպէս հայ, առաջին անգամ մեր կեանքում, հպարտացանք, արժանապատուութիւն զգացինք…

Ուրեմն բոլորը, մանաւանդ Հայաստանի բոլոր ժողովրդավար կուսակցութիւնները և յեղափոխութեանը յարող քաղաքական գործիչները, պէտք է որ ետին փլան մղէին իրենց ամբիցիաները և իրենց բոլոր կարողութիւններով սատարէին նրան, Թաւշեայ յեղափոխութիւնը աւարտին հասցնելու համար, իսկ դա կը լինի այն ժամանակ, երբ նա գալիք խորհրդարանական ընտրութիւններում կը շահի ձայների բացարձակ մեծամասնութիւնը, դա է այսօուայ օրակարգի միակ ողջամիտ կէտը և պահի հրամայականը, իւրաքանչիւր այլ գործողութիւն, պէտք է մերժելի լինի բոլորի կողմից: 

Երևի այդ բազմաթիւ կուսակցութիւնների ղեկավարները չընդունեն, չհամաձայնուեն, բայց իրենց արած կենտրոնախոյս քայլերը, կամ իրենց կուսակցութեան գոյութիւնը, շատ աւելի վնասելու է Հայաստանի ապագային, պետականութեան հիմունքներին, քան օգուտ է բերելու: Նրանց տարանջատ գործունէութիւնը խարխլելու է դեռ չամրացուած, չկայունացուած յեղափոխութեան հիմքերը, որը փորել է սկսել հակայեղափոխութիւնը…

Ինչպէս եւրոպական մայր ցամաքի բոլոր երկրներում, այնպէս էլ Դաշնային Գերմանիայում, խորհրդարանական ընտրութիւնները կատարւում են յարաբերական ընտրութեան հիմունքներով: Հէնց այս երկրի փորձն և անցեալ տարիների խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները և կոալիցիոն կառավարութիւններ կազմելու ընթացիկ պրոցէսը աչքի առաջ ունենալով, կարելի է հետևութիւն անել, որ յարաբերական ընտրակարգը այնքան էլ յաջող տարբերակ չէ: Պարզապէս այն նպաստաւոր չէ, Հայաստանում մշտապէս կայուն կառավարութիւն ունենալու համար: Քանի որ յարաբերական ընտրակարգը, և դրա հետևանքով խորհրդարանում կուսակցութիւնների շատ թիւը, երբեմն աւելի վատ արդիւնք է ունենում, ինչպէս կոալիցիոն կազմելու պարագայում, այնպէս էլ երբ հարցը այն կարևոր հանգամանքին է վերաբերում, ինչը կառավարութեան արձակումն է հանրաքուէի միջոցով: Օրինակ՝ խորհրդարանի նոր ընտրութեամբ:

Հէնց Դեմոկրատական Գերմանիայի անցեալի փորձն էլ ի յայտ է բերել յարաբերական ընտրակարգի հետևեալ բացասական կողմերը:

Դեռ մինչև 80-ական թուականները Դեմ. Գերմանիայի խորհրդարանում միայն երեքից- չորս կուսակցութիւններ կային: Ազատ Դեմոկրատների կուսակցութիւնն (FDP), իր 6-10 տոկոս ձայներով, որոշիչ դեր էր կատարում խորհրդարանում, նա միշտ էլ կառավարութեան մաս էր կազմում և էական ազդեցութիւն ունէր երկրի ղեկավարման և նոր օրէնքների ընդունման ժամանակ: Հէնց այս փոքր կուսակցութեանն էլ 1982 թուականին յաջողուեց, առանց նոր ընտրութիւնների, առանց ընտրողների նոր առաջադրանքի, խորհրդարանում դուրս գալով կոալիցիոն դաշինքից, տապալել գործող և ժողովրդի կողմից սիրուած, Սոցիալ Դեմոկրատ՝ Հելմուտ Շմիտի կառավարութեանը:

2017 թուականին, պատմութեան մէջ առաջին անգամ, Գերմանիայում, խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կոալիցիոն կառավարութիւն կազմելը դժուարացաւ և ամիսներ ձգձգուեց, որովհետև խորհրդարանում ընտրուել էին վեց կուսակցութիւններ, եւ մինչ այդ կանցլէր Մերկելին չէր յաջողւում, նոր կոալիցիոն կառավարութիւն ստեղծել:

Աւստրիացի յայտնի փիլիսոփայ՝ Կարլ Պոպերը գրում է.

«Որքան շատ կուսակցութիւններ խորհրդարանում, նոյնքան աւելի դժուար կոալիցիոն կառավարութեան կազմում: Այս, նախ իրականութիւնից վերցրած փաստ է, և երկրորդ, այն նաև փաստ է ողջամտութիւնից ելնելով: Եթէ միայն երկու կուսակցութիւն գոյութիւն ունենային, ապա կառավարութիւն կազմելը շատ հեշտ կը լինէր, բայց ձայների յարաբերականութիւնը նաև փոքր կուսակցութիւններին է հնարաւորութիւն տալիս, շատ յաճախ, շատ մեծ,- երբեմն նոյնիսկ որոշիչ ազդեցութիւն ունենալ, կառավարութիւն կազմելու, և այդպիսով նոյնիսկ կառավարութեան քաղաքական որոշումների վրայ:

Ճիշդ է, որ նմանը նաև այն երկրում կարող է պատահել, որտեղ մեծամասնութեան ընտրակարգն է ընդունուած, բայց նման երկրներում, օրինակ Անգլիայում, կամ Միացեալ Նահանգներում, մի հակում է առաջ եկել, որտեղ ընդհանուր առմամբ երկու մեծ կուսակցութիւններ են դէմ-դիմաց կանգնած, որոնք էլ իրար հետ մրցակցում են:

Վերոյիշեալ փաստերից ելնելով թւում է թէ, ընտրակարգի այն ձևը, որը նման երկու կուսակցութեան սիստեմը հնարաւոր է դարձնում, դեմոկրատիայի ամենայարմար ձևն է և նախընտրելի, որովհետև այն միշտ էլ կուսակցութիւններին մղում է ինքնաքննադատութեան: Երբ այդ երկու մեծ կուսակցութիւններից որևէ մէկը մի ընտրութեան ընթացքում իսկապէս մեծ պարտութիւն է կրում, ապա սովորաբար այդ կուսակցութեան ներսում կատարւում են ծայրայեղ վերափոխումներ: Այդ ընթացքը մրցակցութեան և ընտրողների դատապարտութեան վճիռի արդիւնքն է, որը չի կարելի աննկատ թողնել: Այսպիսով նման սիստեմի պատճառով կուսակցութիւնները ստիպուած են, ժամանակ առ ժամանակ իրենց սխալներից սովորել, կամ ոչնչանալ:

Այն տեսակէտը, որ յարաբերական ընտրութիւնը աւելի դեմոկրատական է, քան բրիտանական, կամ ամերիկեան սիստեմն է, երերուն է, որովհետև այն ստիպուած է յենուել դեմոկրատիայի հասկացողութեան անցեալի թէորիային՝ որպէս ժողովրդական կառավարութիւն (որը իր հերթին վերադառնում է այսպէս ասած՝ ինքնիշխան պետականութեան թէորիային): Այս թէորիան բարոյապէս ձախողուած է և նոյնիսկ քննադատութեան չդիմացող: Այն յետ է մղուած ձայների մեծամասնութեան միջոցով կառավարութեանը հրաժարական տալու՝ ուժի թէորիայի կողմից: Նման բարոյական պատճառաբանութիւնը իհարկէ որ աւելի կարևոր է: Մենք ոչ աւել, քան երկու մեծ՝ իրար հետ մրցակցող և պատասխանատու կուսակցութիւններ պէտք ունենք, որպէսզի ընտրողներին իշխանութիւն տանք, իրենց ընտրութիւնով իշխանափոխութիւն կատարեն»:

 

Պերլին, Օգոստոս 2018

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *