Նախագահ Սերժ Սարգսեանի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան Տօներու Առթիւ

Հայաստանի Հանրապետութեան յարգարժա՛ն քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թուականին հրաժեշտ տալուց ռոպեներ առաջ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինուորին ու շինականին, մտաւորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրութեան եւ համբերութեան համար: Այն հաւատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդէպ, թող մեզ ուժ տայ նաեւ նոր տարում:

Այս պահին ընտանիքներով հաւաքուել ենք տօնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհութիւն յայտնում Աստծուն: Բարեկամութեան եւ հարազատութեան դրական լիցքերով եկէք դիմաւորենք 2018 թուականը:

2017 թուականը հետեւողական աշխատանքի եւ լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածաւալ փոփոխութիւնների թեմբը չի նուազել. աւելին՝ դրանք աւելի մեծ վճռականութեամբ ենք առաջ մղել: Այն դրական արդիւնքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եւ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականութեան եւ հասարակութեան հիմքերը:

Մեր հաւակնութիւնները մեծ են, եւ մենք հետեւողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղօրէն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանութիւնների աշխատանքը պէտք է զգալի եւ շօշափելի լինի Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար, պէտք է բոլորիս վստահութեան զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, եւ պէտք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թուականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թէժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից եւ հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա աւելի կարեւոր է, քան այն, թէ ով քանի՞ տոկոս հաւաքեց: Սա եւս մէկ առողջ միտում է, որն անցնող տարուց պէտք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ յարգանքը, հանդուրժողականութիւնը եւ համերաշխութիւնը այսուհետ պէտք է լինեն Հայաստանի քաղաքական կեանքի մշտական ուղեցոյցները:

Գալիք տարի աւարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրաւ զուգադիպութեամբ 2018 թուականին տօնելու ենք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահութեամբ կարող ենք պնդել, որ այս յոբելեանին մօտենում ենք աւելի ամուր եւ կայացած պետական-հասարակական կառոյցներով:

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու եւ իրենց դրսեւորելու աւելի մեծ ասպարէզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մէկն է՝ բացել նոր հորիզոններ եւ հնարաւորութիւններ, ստեղծել գործունէութեան լայն դաշտ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թուականին նոր զարկ ենք տվել մեր զինուած ուժերն ամրապնդելու գործին: Իրականացուող փոփոխութիւնների արդիւնքում զաւակին բանակ ուղարկող ծնողները պէտք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպուածութիւն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինուած ուժերում:
Մեր զինուորականներին եկէք մաղթենք բարի ծառայութիւն: Եկէք նրանց երախտագիտութիւն յայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:

Եւս մէկ տարի է գումարւում Հայաստանի հազարամեակների անցեալին եւ մեր երիտասարդ անկախ պետականութեան պատմութեանը: Թող 2018 թուականին շարունակի ամրապնդուել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, անառիկ լինեն մեր սահմանները և հիւրընկալ՝ մեր օջախները: 

Եկէք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղութիւն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմութիւն և ամրութիւն հաղորդենք մեր ընտանիքներին: Եւ միշտ յիշենք, որ մեր պետութեան հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրոյ, երջանկութեան, հոգատարութեան եւ փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից իւրաքանչիւրի տանը:

Շնորհաւո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *