Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ զբաղվող հոլանդական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել  գյուղատնտեսության բնագավառում հայ-հոլանդական գործարար կապերի ընդլայնման և Հայաստանում հոլանադական գյուղտեխնիկայի ներդրման հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

     «Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք, որը մրցունակ կլինի արտասահմանյան շուկաներում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք ուսումնասիրել ոլորտի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկ և քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

     Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը, ագրարային ոլորտում համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Մասնավորապես, հյուրերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ջերմոցաշինության, բանջարեղենային պահեստների և սառնարանային տնտեսությունների ստեղծման, թռչնաբուծարաններում և անասնապահական ֆերմաներում հոլանդական սարքավորումների տեղադրման ուղղությամբ: 

     Հոլանդական կողմը հնարավոր է համարել նաև հայ մասնագետների վերապատրաստումը  Նիդերլանդներում: 

     Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրել է պետական աջակցության նոր ծրագրերը, գյուղտեխնիկայի լիզինգի պայմանները և նշել, որ հոլանդական ընկերությունները նույնպես կարող են դառնալ այդ ծրագրերի մասնակից:

      Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *