Շիրակի մարզի Ամասիա համայնքում բացվեց Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ներկայացնելով նորաբաց կենտրոնն, ասաց, որ այն ունի բավականին մեծ պահեստային տարածք: Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով:
«Մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս տարածաշրջանում երիտասարդ անասնաբույժների հետ: Սա հերթական նմանատիպ կենտրոններից մեկն է, որը ղեկավարվում է մեր կազմակերպության կողմից` սկսած Մեղրիից մինչև Ամասիա», – նշեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրենը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում այդ կենտրոնի բացման փաստը:
«Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացումը բնապահպանության տեսակետից կարևոր է, քանի որ այսօր շատ կարևոր է արոտավայրերի և գյուղատնտեսության այնպիսի կառավարումը, որը չբերի տարածքների գերշահագործմանը: Համայնքների բնակիչները, անասնապահությամբ զբաղվողները կարող են առավել բարձր արդյունք ստանալ միավոր անասունից»,– ընդգծեց Մինասյանը:
Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրի շրջանակներում` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW բանկի միջոցով համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվել է WWF-Հայաստանի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ: Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ, ինչի շնորհիվ նվազելու է ճնշումն արոտավայրերի եւ բնական ռեսուրսների վրա:
Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը կատարելու է նաև կրթական գործառույթ: Կազմակերպվելու են Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: