Ահարոն Շխրտմյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կարեւոր նվաճում է համարում գաղափարների ազատ եւ անկաշկանդ արտահայտումը

     «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը բոլոր մասնակիցների համար ինչ-որ առումով սթափության նշան պետք է լինի, քանի որ լուրջ լուծումներ պահանջող հարցեր կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում համաժողովի փակման լիագումար նիստից հետո նման դիտարկում արեց Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի պատասխանատու, լիբանանահայ Ահարոն Շխրտմյանը:

     «Համաժողովն իր օրակարգերն ունեն, եւ դրանք բավականին լուրջ կազմված օրակարգեր էին: Լավ է, որ մարդիկ ավելի համարձակ, ազատ ու անկաշկանդ արտահայտեցին իրենց մտքերն ու գաղափարները: Սա ես համարում եմ այս համաժողովի նվաճումներից մեկը»,-ասաց նա:

     Նրա խոսքով՝ կարեւոր է, որ այստեղ հստակ գիտակցում են առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաեւ դրանք լուծելու կարողությունը:

     «Հայաստանի անկախությունը հայտարարվեց, երբ Խորհրդային միությունը, այսինքն՝ մի ամբողջատիրական համակարգ փլուզվեց եւ փոխարինվեց մեկ այլ՝ ժողովրդավարական հասարակարգով: Մի կարծեք, որ այս գործընթացը մեկ օրում հեզասահ պիտի ընթանա: Այսօր աշխարհի ամենաժողովրդավար երկրներն անգամ առ այսօր խոստովանում են, որ չեն հասել ժողովրդավարության այն մակարդակին, որին ձգտում են»,-ասաց Ահարոն Շխրտմյանը՝ ընդգծելով, որ եթե բացթողումների ու խնդիրների վերաբերյալ  քննադատություններ  են հնչում, ապա դրանք պետք է լինեն կառուցողական, հակառակ դեպքում դրանք անտեղի են:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *