«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին առաջին անգամ մասնակցում են Եթովպիայի, Սուդանի եւ Մալայզիայի պատվիրակությունները

     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կատարեց «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի հանդիսավոր բացումը: Նա նշեց, որ այսօր ամփոփում են 5-րդ համաժողովի արդյունքները եւ նախանշում հետագա անելիքները:

     «Սիրով և ջերմությամբ ողջունում եմ Ձեզ մայր հայրենիքում եւ ասում՝ բարով եք եկել ազատ ու անկախ Հայաստան՝ ձեր հայրենիքը: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, եկաք եւ այսօր իրականություն է դառնում համահայկական այս մեծ հարթակի աշխատանքը: Նախորդ  համաժողովից անցել է ուղիղ երեք տարի, այդ ընթացքում առանձնացրել ենք առաջարկությունները եւ դիտողությունները: Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այս առաջարկությունները, տարբեր գերատեսչությունների, հոգեւոր եւ մի շարք այլ կառույցների հետ մշակել է  բազում ծրագրեր, նախաձեռնություններ: Այդ աշխատանքները նպատակադրված են համախմբելու Սփյուռքի կապերը Հայաստանի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

     Նա տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած պատվիրակությունների հետ միասին առաջին անգամ համաժողովին մասնակցում են Եթովպիայի, Սուդանի, Մալայզիայի ներկայացուցիչները:

     «Այս  համաժողովին մասնակցելու են եկել  ավելի քան 1800 հայազգի ներկայացուցիչներ  71 երկրից. նրանց մեջ մեծ թիվ են կազմում մտավորականները, գործարարները: Մեծ պատվիրակություններ են ժամանել ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Արցախից: Համաժողովին մասնակցելու են եկել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տարբեր երկրների պատգամավորներ, նախարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Համոզված եմ՝ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով կհարստացնենք Հայաստան-Սփյուռք գործակցությունը եւ կնպաստենք դրա զարգացմանը»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *