Գերմանիայի հայ գործարարների միության նախագահն առաջնահերթ է համարում Հայաստանի բարօրությունը

     Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը վստահ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող հայերը ինչ-որ պարտավորություն ունեն Հայաստանի հանդեպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում նա նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

     «Հայ գործարարների միությունը 15 տարվա  պատմություն ունի, մեր նպատակն է այնտեղ աջակցել հայ գործընկերներին: Առաջին տարիներին դժվար էր Գերմանիայում որեւէ բան հիմնելը, սակայն կարողացանք տարեցտարի գործերն առաջ տանել: Պետք է նշեմ սակայն, որ մեր արած գործը, ծրագրերը Հայաստանի մեջ են, ինչպես օրինակ՝ Տավուշում  դպրոց բացեցինք, վերջերս վերանորոգեցինք պոլիկլինիկա Երեւանում, ուսանողներին օգնում ենք վճարների հարցում, նաեւ հիվանդ երեխաներին ենք աջակցում: Այսինքն, որտեղ պետք է օգնություն, մենք այնտեղ ենք: Իհարկե, Գերմանիայում կան դժվարություններ, սակայն մեր հիմնական խնդիրը Հայաստանն է: Հայաստանը պետք է լավ լինի, Գերմանիայում մեր խնդիրները կլուծենք»,-ասաց նա:   

     Մուրադ Աքյուզը նշեց, որ հույս ունի՝ մարդիկ կվերադառնան իրենց հայրենիք, իր իսկ մասին սակայն նշեց. «Երկար տարիներ է՝ Գերմանիայում եմ ապրում: Որ ես գամ Հայաստան, այստեղ շատ օգուտներ չեմ կարողանա տալ, Գերմանիայից ավելի շատ եմ օգնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *