Յոթանասուն տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ

       Ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը լրացուցիչ խթան է տնտեսավարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով զրոյական դրույքաչափով  հարկվող գործարքների գծող ավելացված արժեքի հարկի փոխհատուցման ընթացակարգը, նման դիտարկում արեց Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:

      Ընթացիկ տարվա ապրիլի 13-ից ներդրված ընթացակարգի չափորոշիչների համաձայն՝ մինչեւ 20 մլն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման ընդամենը 4 աշխատանքային  օրվա ընթացքում:

     «2017 թվականի ապրիլի 13-ից  մինչեւ օգոստոսի 31-ը 70 տնտեսավարողի արդեն իսկ վերադարձվել է 812 մլն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսավարողի՝ 137,3 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,- ասաց նա:

   Տիգրան Կիրակոսյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էականորեն փոփոխվելու է  «հաշվանցում» ընթացակարգը:

     «Կբարձրանա հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի  կհասցվեն միասնական հաշվին գումարների մուտքագրման եւ միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը եւ հարկ վճարողների կողմից օրենքով  սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

     ՊԵԿ ներկայացուցչի խոսքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսավարողի վերադարձվել է ավելի քան 37,1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, մինչդեռ նախորդ տարի այս թիվը կազմում էր 78 կազմակերպության համար՝ 28,8 մլրդ դրամ:

    «Ցուցանիշը պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսավարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է  ավելի քան 56,4 մլրդ դրամ»,-ասաց նա:

  ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ տարեսկզբից իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում:

     «Զգալի չափով ավելացել է նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից  ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը: Ընդհանուր առմամբ, 2016 թ. սեպտեմբեր-2017 թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիների վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 մլն դրամ»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *