ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրմանը, ով հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ երեխան մեդալը ստացել է իր ցուցաբերած գիտելիքների համար՝ անկախ նրանից՝ նա պաշտոնյայի որդի է, թե ոչ։ Նախարարը կոչ արեց առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից։
«Երեխան այդ մեդալը ստացել է իր առաջադիմության համար, որևէ պաշտոնյանի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ: Եթե այդպես է, եկեք կարգը գրենք: Պաշտոնյաների երեխաները նույն ձև երեխաներ են, ինչպես բոլոր երեխաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե քաղաքապետի որդուն պարգևատրելու գործում անպատժելիության մեսիջ չկա՞ր, նախարարը պատասխանեց. «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը: Մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր և դու նրան պատժվում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,– նկատեց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ընդունում է այն սխալները, որ անչափահասը գործել է:
Անդրադառնալով ազատազրկման վայրում գտնվող երեխաներին՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում է Արդարադատության նախարարի հետ։ «Չի կարելի երկու խնդիրները կապել, հանցանք է կատարել, պատժված է, բայց դա չի նշանակում, որ նրա մարդկային՝ այդ թվում սովորելու իրավունքը, հաջողությունը արձանագրելու իրավունքը, սպորտում հաջողություն գրանցելու իրավունքը պետք է անտեսել»,-ասաց նա։