Բանակցություններում լուրջ բեկում չլինելու դեպքում պետք է համակերպվել մտքի հետ, որ առաջնագծում բախումները կրելու են շարունակական բնույթ. փոխնախարար

Արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակը լարելուն հասցեական արձագանքելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին  ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«2013-ից Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ պետական սահմանին: Այս խնդրին հասցեական արձագանքելու վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին  ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է սպառազինման քաղաքականությունը՝ ընդլայնելով ձեռք բերվող սպառազինության շուկաներն ու տեսականին»,-ասաց ՊՆ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլի Ադրբեջանի սանձազերծած գործողություններն աննախադեպ էին ՝ հաշվի առնելով շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությունը, կիրառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրաված ուժերի և միջոցների քանակը:

« Բանակցային գործընթացում լուրջ բեկում չլինելու դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ առաջնագծում բախումները կրելու են շարունակական բնույթ: Այս սպառնալիքին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության, պահպանության և պաշտպանության իրականացման միջոցառումներ՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը մարտավարական և օպերատիվ մակարդակում սաստելու նպատակով»,-ասաց Զաքարյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *