Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 12-ից Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայով լարվածություն հրահրեց Հայաստանի հետ սահմանին` Տավուշի մարզի ուղղությամբ անգամ հրթիռակոծության ենթարկելով ոչ միայն մարտական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը։
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին մի շարք երկրներում տեղի են ունենում նաև ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը և նշել, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից։