ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան

Հայ հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է, ՀՀ զինված ուժերի թիկունքը շատ ամուր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ հատուկ նիստում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում:

«Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է: Եվ ՀՀ զինված ուժերի թիկունքն ամուր է, ես կասեի՝ շատ ամուր է: Փառք մեր բանակին, մեր զինվորներին, սպաներին, գեներալներին»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, և դիվանագետները ևս պետք է իրենց գործն անեն: «Բոլոր մայրաքաղաքներում մեր դեսապանությունների դիվանագետները պետք է տեղեկացնեն, ներկայացնեն համապասխան արտաքին գերատեսչություններին, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը»,-ասաց Մարուքյանը:

Նա կարևորեց նաև խորհրդարանական հարթակներում այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Ադրբեջանն ինչ այլանդակություններ է իրեն թույլ տալիս, որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, աներկբա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա: 

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ Այս պահին հայկական կողմից կա վիրավորված երեք զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

 

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: 

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *