Գործարկվել է Ազգային գրադարանի նոր կայքը

Հայաստանի ազգային գրադարանը նոր դիզայնով կայք է ստեղծել, որն արդեն գործարկվել է:  Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանը:  

«Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառել ենք նաև «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ մեր հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին»,-ներկայացրեց Չիչակյանը:

Նա ընդգծեց, որ նորություններ են ներկայացնելու ոչ միայն Ազգային, այլև այլ գրադարանների մասին:

«Կայքում ներկայացնելու ենք նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը: Դա մեր գրադարանի կարևորագույն գործառույթներից է»,-եզրափակեց Սյուզան Չիչակյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *