Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշեց Զարգարյանը:
Հունիսի 26-ին ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։
Զարգարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։
Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք–շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի 10 ջարատար։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։