ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հորդորում է այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որ կառավարությունը լավ ցուցանիշների դեպքում կարողանա սահմանափակումների թուլացման մարտավորություն որդեգրել հաջորդ երկուշաբթի օրվանից: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին նշեց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Վարչապետը նաև նկատեց, որ ներկայիս ցուցանիշները կառավարությանը հուշում են, որ հնարավոր է՝ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է: «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ և լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ առկա է 1400 մահճակալ՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, սակայն այս պահի դրությամբ փաստորեն դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ շատ լարված վիճակ չէ: Վարչապետը նաև նկատեց, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին:
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացումով դուրս գրված պացինտների թիվն ավելի է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում այս պահին 853 է, իսկ ապաքինվածների թիվը՝ 87: Արձանագրվել է մահվան 8 դեպք:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։