ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիքով՝ նոր Հայաստանում ընդդիմությունը պետք է դուրս գա իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Կապանում իր ասուլիսում՝ պատասխանելով հարցին:
Լրագրողը հիշեցրեց օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի ելույթը, «թե ընդդիմության գործելաոճը չի համապատասխանում նոր Հայաստանի իրավիճակին, ընդդիմադիր ուժերը խցանվել են անցյալում»: Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը կիսում է այդ տեսակետը, հարցրեց, թե ըստ վարչապետի ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի ընդդիմությունը:
«Լիովին կիսում եմ այդ տեսակետը: Եվ ցավոք սրտի ստիպված եմ արձանագրել, որ կան շատ քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը: Եվ հիմա, երբ նոր պայմաններում իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե նոր Հայաստանում ինչպիսին պետք է լինի նոր ընդդիմությունը՝ վարչապետն ասաց՝ այն պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա: Փաշինյանը շեշտեց՝ իրենց իշխանությունը չի անում քաղաքական առևտուր: «Չենք անում մենք, ասել ենք, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»,-եզրափակեց նա: