Ժողովրդական ավանդույթից պրոֆեսիոնալ արվեստ. գիտաժողովը Երևան է բերել ԱՊՀ մասնագետների

Մշակույթի ոլորտի ավելի քան քառասուն մասնագետ ԱՊՀ տարբեր երկրներից ժամանել է Հայաստան մասնակցելու «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագրով միջազգային գիտաժողովին: Եռօրյա գիտաժողովի շրջանակում մասնակիցներն ընթերցելու են 38 զեկույց` փորձելով ներկայացնել, թե ինչպես է ժողովրդական, ավանդական մշակույթն ազդեցություն թողել պրոֆեսիոնալ արվեստի զարգացման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովը, որն անցկացվում է «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար» երկարամյա միջպետական ծրագրի շրջանակում, մեկնարկեց հոկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը նշեց, որ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է ավանդական մշակույթը դարձել օրինակ Ղրղզստանի, Ուզբեկստանի և այլ ԱՊՀ երկրների պրոֆեսիոնալ արվեստի հիմք: «Հայաստանից Համլետ Պետրոսյանը գիտաժողովին խոսելու է խաչքարային արվեստի մասին, Հասմիկ Ղազարյանը` հայկական կարպետի մասին: Կարծում եմ` նման նախաձեռնությունները փորձի փոխանակման  լավ հարթակ են և թանգարանների, մասնագետների միջև համագործակցության ուղիներ են բացում»,- ասաց նա:

Մկրտչյանը տեղեկացրեց, որ մասնակիցներ կան Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և մի շարք այլ ԱՊՀ երկրներից: Մասնագետներ կան նաև Ուկրաինայից:

Մարինե Մկրտչյանի խոսքով` ծրագրի շրջանակում հյուրերն այցելելու են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարան, որտեղ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվելու, լինելու են «Արարատ» թանգարանում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ նույնպես մասնակցելու են համերգային ծրագրի: Հյուրերը հնարավորություն կունենան ավտոբուսով շրջել ամբողջ Երևանով` ծանոթանալով քաղաքի տեսարժան վայրերին:

Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բոլոր թանգարանների տնօրեններին իրենց պատրաստակամ ընդունելու համար: Նա շնորհակալություն հայտնեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրինությանը գիտաժողովն այնտեղ կազմակերպելու համար, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Ծրագրի շրջանակում գիտաժողովին ընդառաջ Ռուսական արվեստի թանգարանում հոկտեմբերի 28-ին բացվել է «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը: Նախաձեռնողը և հեղինակը Դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանն է։  Ըստ  «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար»  երկարամյա միջպետական ծրագրի հայեցակարգի՝ յուրաքանչյուր տարի փոխվում է գործընկեր-երկիրը, որն ընդունում է ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը` ԱՊՀ երկրների առաջատար մասնագետների  մասնակցությամբ։

Ծրագիրն արդեն իրականացվել է ԱՊՀ  մի շարք երկրներում։

2019 թվականին հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանի Հանրապետությունը` Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)։

Ծրագրի կազմակերպիչներն են Դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը:  Նախաձեռնությունն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի  շրջանակում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *