ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատես է Հայաստանի ապագայի և տնտեսության զարգացման հարցում: Այս մասին նա խոսել է հաջորդ տարվա բյուջեի նախագծի՝ ՀՀ Ազգային ժողովում քննարկման ընթացքում:
«Թույլ տվեք ասել, որ հիմա ես Հայաստանի տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, լավատես եմ և վստահ եմ առավել քան երբևէ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և բոլորիս խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլև հընթացս արագանա և մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ- տնտեսական բարեփոխումները, սոցիալ-տնտեսական փոփոխությունները ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:
Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք: