Դավիթ Սանասարյանը համոզված է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պետք է կասեցվի

 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված  են) համոզված է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Սանասարյանն այդ մասին ասաց ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ դատախազությունում քրեական գործ հարուցվեց հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված: Ես ի սկզբանե ձեզ ասել եմ, որ մեր նպատակը եղել է միայն ու միայն պետական գնումները «Գնումների մասին» օրենքին համապատասխանեցնելը,  տվյալ պարագայում՝ բժշկական կենտրոնների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման հարցը: Ես կարող եմ ասել, որ դատախազությունը մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք: Ես ձեզ հիշեցնեմ, որ երբ եղավ առաջին հրապարակումն այն մասին, թե «Պետական վերահսկողական ծառայությունում Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ բիզնես են խլում» անհասկանալի վերնագրով, հենց սրա մասին էր խոսքը: Այսինքն, մենք հայտնաբերել ենք, որ կա նման խնդիր: Մենք ասում էինք և դատախազությունը փաստեց, որ «Գնումների մասին» օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթը: Ասում ենք, որ երկու անգամ թանկ գնով են վաճառում պետությանը, գերշահույթ են ստանում: Մենք ասում էինք, որ եթե լինի մրցակցություն, բնականաբար, այլ մասնակիցներ կմասնակցեն, իսկ պետությունն ավելի քիչ կվճարի, քան վճարել է»,- մանրամասնեց Սանասարյանը:

Նրա խոսքով՝ դա դուր չի եկել բժշկական կենտրոններին հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերությանը: «Սա նրանց դուր չեկավ, իրենց բնորոշմամբ սա «բիզնես խլել»  է, որովհետև իրենց մենաշնորհը բժշկական կենտրոնում վերացավ և ես վստահ եմ, որ գնալով վերանալու է: Անկախ նրանից, թե իմ հետ կապված գործը ուր կգնա, ինչ կլինի, ես վստահ եմ, որ արդեն լուրջ արդյունք ունենք»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ինքն անփորձություն է արել: Նա ընդգծեց, որ դատախազության հարուցած քրեական գործը հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված խոսում է այն մասին, որ ինքը ոչ թե անփորձություն է արել, այլ կատարել է իր աշխատանքը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *