Քաղաքագետը Փաշինյանի այցը Ստրասբուրգ համարում է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման նշան

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան այցն ու ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին վկայում են այն մասին, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնում է տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Վարչապետ Փաշինյանի ստրասբուրգյան այցելությունն էլ ավելի է կարևորվում նաև այն առումով, որ Հայաստանն իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով և սա բխում է նաև Հայաստանի անվտանգության շահերից: Այստեղ ոչ միայն մարդու իրավունքների, ոչ միայն ժողովրդավարական չափումն է, այլ անվտանգության»,-ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Հայաստանը վաղուց է հայտարարել, որ իր հարաբերությունները զարգացնելու է բոլոր ուղղություններով: Քաղաքագետը նկատեց՝ ընդ որում ոչ մի ուղղություն չի լինելու մյուս հաշվին կամ դեմ: Այսինքն՝ ամեն ուղղություն արժևորվում է առանձին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում ապրիլի 11-ին մասնակցություն էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես էր եկել ելույթով, այնուհետև պատասխանել տարաբնույթ հարցերի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *