Նիկոլ Փաշինյանը եվրոպական կազմակերպություններին կոչ արեց ինստիտուտները կատարելագործելու հարցում աջակցել Արցախի ժողովրդին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես տարածաշրջանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ԵԽԽՎ ում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նույնպես նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաեւ հարցի կարգավորման հայկական կողմի պատկերացումների մեջ:

«Իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմ»,-ասաց վարչապետը: 

Նա նշեց, որ վերջերս Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ նման երկխոսության կարեւորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների եւ ատելության լեզվով:

Վարչապետը հիշեցրեց, որ մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: 

«Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,-ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԽԽՎ ամբիոնը պատահական չանվանեց խաղաղության ամբիոն: Նա հավատացած է, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքին պետք է փոխարինի երկխոսությունը, սադրանքին՝ կառուցողական աշխատանքը: 

«Բայց ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար: Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակվողական գործողություններ սկսելու համար:  Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար: Այսօր էլ, ցավոք, ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը»,-_ասաց Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ համարել եւ համարում են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետեւ միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլեւ ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:

Նա ընդգծեց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության հարթակ ձեւավորելու համար եւ  այսօր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: 

 

«Ասվածն ամենեւին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:

«Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը: 
Այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:  Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որեւէ փաստաթուղթ, քան որեւէ քաղաքական կամ խմբային շահ, եւ ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»,- նշեց ՀՀ վարչապետը:   

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *