Թուրքիայի ղեկավարի վարած քաղաքականությունը բախումների է հանգեցնում գրեթե բոլոր հարևան պետությունների հետ: Այս տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, սակայն իր արդիականությամբ առաջնային չէ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը:
«Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը պատրաստ չէ այս համաշխարհային, համամարդկային արժեքների վրա կառուցված հարաբերությունների գործընթացը խրախուսել: Թուրքիայի ղեկավարն աչքի է ընկնում բացահայտ ռազմատենչ, ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությամբ: Այդ քաղաքականության զոհ է դառնում նաև Սիրիան: Այդ քաղաքականությունը բերում է Թուրքիայի բախումներին` իրեն շրջպատող բոլոր հարևանների հետ` գուցե բացառությամբ Վրաստանի: Եվ այս տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, բայց իր արդիականությամբ առաջնային չէ»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որբ իր քաղաքական թիմի համար հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման պարադիգմը նույնն է` առանց նախապայմանների հնարավոր հարաբերություններ բոլոր հարթություններում` դիվանագիտականից մինչ տնտեսական: Աշոտյանի կարծիքով` զուգահեռ նաև պետք է աշխատանք տարվի, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը առերեսվեն իրենց անցյալի հետ: Նա նկատեց, որ այդ հարաբերությունների կարգավորման մասին հարցադրումները ոչ միայն իր, այլ նաև բոլոր քաղաքական ուժերի համար շատ տեսական են: