Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շնորհաւորել Է Նորընտիր ՀՀ Վարչապետին

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել տիար Սերժ Սարգսեանին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում ընտրուելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհաւորական նամակում մասնաւորապէս ասուած է․ «Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահութեամբ, որ կառավարման Ձեր բազմամեայ փորձառութեամբ եւ նոր հանգամանքով շարունակելու էք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կեանքի առաջընթացի ապահովման ու զօրացման, հայրենի մեր երկրի խաղաղութեան ու կայունութեան պահպանման եւ միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակաւին գտնուում են սահմանների անվտանգութեան ապահովման, արցախեան հիմնախնդրի կարգաւորման հրամայականների յանդիման, ինչպէս նաեւ ներքին կեանքի տարբեր դժուարութիւնների ու խնդիրների առջեւ: Վճռորոշ այս ժամանակահատուածում, որպէս մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակուած յանձնառութեամբ պատասխանատուութիւն ստանձնել՝ յանուն մեր հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման եւ համազգային մեր իղձերի իրականացման»։

Նորին Սրբութիւնը մաղթել է, որ Բարձրեալն Աստուած զօրակից լինի ՀՀ վարչապետին եւ շնորհի նրան նոր ձեռքբերումներ իր գործունէութեան ճանապարհին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *