Մարտի 25-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տօնախմբեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի՝ մարդեղացեալ Աստուածորդու՝ Երուսաղէմ յաղթական մուտքը:
Հոգենորոգ օրուայ կապակցութեամբ Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձաւ օրուայ խորհրդին՝ ի մասնաւորի նշելով. «…Այսօր շուրջ երկու հազար տարիներ յետոյ մենք հաւաքուել ենք այս սուրբ եկեղեցում՝ տօնախմբելու մեր Տէր Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:…Շատերի համար այդ օրերին Յիսուս եկել էր ֆիզիկական փրկութիւն պարգեւելու, իսկ շատերի համար Քրիստոս եկել էր հոգու փրկութիւն պարգեւելու, մի ստուար, հոծ բազմութեան համար Նա թագաւոր էր, ոմանց համար` թագաւոր երկրի վրայ, իսկ ոմանց համար՝ թագաւոր երկնքում: «Ո՞վ է Նա»,- հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ էր՝ Նա Յիսուս Քրիստոսն էր, որին հաւատացին շատերը, իսկ այսօր արդէն՝ միլիարդաւորներ: Յիսուս Քրիստոսն էր, որ Իր կեանքը տուեց Իր արարածների համար, որպէսզի ապրեն նրանք եւ առաւել կեանք ունենան:
…Սիրելիներ, հաւատքը դէպի Նա, ով Իր կեանքը չխնայեց իւրաքանչիւրիս համար, տարածուեց եւ հասաւ մինչեւ մեր օրերը: Եւ մենք այստեղ՝ այս սուրբ կամարների ներքոյ, այսօր տեսնում ենք, թէ ի՛նչպէս մանուկներ, արք եւ կանայք, ցնծում են, որովհետեւ այսօր մենք տօնախմբում ենք ծաղկազարդը, եկել ենք ծաղկազարդուելու այս տօնի խորհրդով, եկել ենք միանալու մեր Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին` Նրա մարմինն ու արիւնը ճաշակելով:
Սրբազանն իր խօսքում ողջունեց Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս. Խորանին սպասաւորող մանուկներին, ովքեր վաղ առաւօտեան ժամանել էին Ս. Էջմիածին Տաւուշի թեմի սահմանամերձ քաղաքներից եւ գիւղերից` մասնակցելու Ս. Պատարագին եւ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը: Սրբազանը յորդորեց Ս. Պատարագի մասնակիցներին՝ ըստ տէրունաւանդ պատուիրանի նմանուել այդ մանուկներին իրենց մաքրութեան, անմեղութեան ու պարզութեան մէջ, ունենալ շիտակ եւ մաքուր հոգի եւ պատրաստ լինել օգնելու եւ կարեկից լինելու միմեանց:
Ս. Պատարագի աւարտին տաճարում գտնուող բոլոր մանուկները հրաւիրուեցին ատեան եւ, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց մանուկների օրհնութեան յատուկ կարգ: Նորին Սրբութիւնը հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկայ մանուկներին՝ աղօթելով նրանց անհոգ մանկութեան եւ երջանիկ ու աստուածօրհնեալ կեանքի համար: