Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

 Երևանում հոկտեմբերի 2-ին կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յակուբ Դյուրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական երկխոսության ու ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը։ Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Նույն օրը տեղի ունեցավ Չեխիայի պատվիրակության հանդիպումն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, որի ընթացքում չեխական կողմին ներկայացվեցին Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվատնգությանն առնչվող արդի խնդիրներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *