Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ցույց կտանք ռուսական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն առկա սահմանային հակամարտությունը, այլև մեր եղբայրական երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք բազմիցս դրանցից օգտվել ենք: Ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերը, թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները:
Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: