ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին փետրվարի 13-15-ը այցով կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Մյունխենի 56-րդ անվտանգության խորհրդաժողովին: Նրա ելույթի հիմնական թեման կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարը: Այդ մասին փետրվարի 12-ին կայացած առցանց բրիֆինգում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նա նշել Է, որ Վան Ին «հանդես կգա ճառով՝ ի պատասխան միջազգային հանրակցության կողմից դրսեւորվող մեծ ուշադրության»:
«Նա կհայտնի նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Չինաստանի կառավարության ու ժողովրդի ջանքերի ու արդյունքների մասին, ինչպես նաեւ կհայտարարի համաճարակին դիմակայելու համար միջազգային համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտության մասին»,-հավելել Է Գեն Շուանը:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը տեղի Է ունենալու Բավարիայում փետրվարի 14-16-ին:
Չինաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 44,6 հազարը, 1113-ը մահացել են, առողջացել են 4740-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տարածաշրջանների թվում վարակվածների քանակով առաջին տեղն զբաղեցնում Է Հուբեյի նահանգը, որտեղ արձանագրված Է 33,3 հազար ախտահարված, նրանցից 1068-ը մահացել են, ապաքինվել Է 2639 մարդ: Պեկինում վարակվածների թիվը կազմում Է 342, նրանցից 48-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մահացել են երեքը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում բժիշկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185 հազար բնակիչ, որոնք սերտ շփում են ունեցել ախտահարվածների հետ:
Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն Է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար: Այդ գումարի մոտավորապես 13 տոկոսը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի բնակիչները փոխանցել են Հոնկոնգում երկրի կենտրոնական կառավարության վարչության միջոցով: Դրամական միջոցների համապատասխան մասը վերաուղարկվելու Է Չինաստանի Կարմիր խաչին, որը պետք Է դրանք բաշխի կարիքավոր տարածաշրջաննների միջեւ:
Չինաստանում նոր կորոնավիրուսով (COVID-19, Corona Virus Disease – 2019) վարակվածների թվի աճի տեմպերը վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել են 48,2 տոկոսով: Այդ մասին փետրվարի 12-ին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը: «Ներկայիս համաճարակաբանական իրադրությունը դեռեւս շատ լուրջ Է, սակայն ձեռնարկված միջոցների շնորհիվ ի հայտ են եկել առանձին դրական միտումներ: Հիվանդների թվաքանակի աճի տեմպերն ալիքաձեւ նվազում են: Վարակման հաստատված դեպքերի մեկօրյա առավել մեծ աճը գրանցվել Է փետրվարի 4-ին եւ կազմել 3 հազար 887 մարդ: Փետրվարի 11-ին այդ ցուցանիշը նվազել Է օրական մինչեւ 2015 նոր դեպք»,-նշել Է գերատեսչության ներկայացուցիչը եւ հավելե, որ հիվանդությունից բուժվածների բաժինը երկու շաբաթվա ընթացքում 1,3 տոկոսից աճել Է մինչեւ 10,6 տոկոս:
Հոնկոնգի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ Է տալիս մեկ թեստով արագ եւ արդյունավետ ախտորոշել շնչուղիների շատ հիվանդություններ՝ թռչնագրիպից մինչեւ թոքաբորբ, որը հարուցում Է 2019-nCoV կորոնավիրուսը: Համակարգը մեկ ժամում կարող Է ճանաչել վարակների 30-ից մինչեւ 40 տեսակի հարուցիչներ: Այդ մասին գրել Է Standard-ը:
Նորույթն արդեն անցել Է կլինիկական փորձարկումների ցիկլը: Այժմ թողարկվել են նման ապարատների մի քանի նախատիպեր: «Մենք պլանավորում են հնարավորինս արագ սկսել դրանց զանգվածային արտադրությունը»,- նշել Է գլխավոր մշակող Թերենս Լաուն, որի խումբը չորս տարվա ընթացքում աշխատել Է նախագծի վրա: Եթե գիտնականներին հաջողվի փող գտնել, նրանք հույս ունեն, որ իրենց համակարգը տեղերի հիվանդանոցներում մատչելի կլինի կես տարի անց: